19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի՝ «մռութներ ջան դասի գնացեք» կոչը չի օգնի. Ավշարում չեն խաղաղվում /տեսանյութ/

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահ  Արմինե Դավթյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ աշակերտները չեն գալիս դպրոց, ծնողները միահամուռ ձևով չեն ուղարկում երեխաներին, գնում են միայն մարզպետի, նոր տնօրենի հետ ինչ-որ բարեկամական կապ ունեցող երեխաները։

«Նորից երեխաներին այստեղ որպես գործիք են օգտագործում, ասելով՝ գնացեք՝ թող դաս անեն ձեզ հետ»,- ասաց նա։

Դավթյանը հիշեցրեց, որ Ավշարի միջնակարգ դպրոցում լարված իրավիճակը, դասադուլն ու գործադուլը սկսվեց այն բանից հետո, երբ դպրոցի նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ  ներկայացրեց, իսկ մանկավարժական կոլեկտիվի նկատմամբ ցուցաբերեց, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունք։

Նա հայտնեց, որ կառավարման խորհուրդը, որն ընտրել է Հերմինե Անդրեասյանին, բաղկացած է եղել 8 հոգուց, 8-ից 7-ը նրան կողմ է քվեարկել. «Այդ 7 կողմ քվեարկածների մեջ 2-ը դպրոցի ուսուցիչներից են եղել, որոնք հիմա նշում են, որ փոշմանել են նրան ընտրելու համար»։

«Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահի կարծիքով, կառավարման տեսանկյունից կոռեկտ չէր, որ նոր տնօրենը մտել է դպրոց և անմիջապես սկսել ազատման պահանջ ներկայացնել։

«Փոխտնօրենն ազատման պահանջից հետո եկել և ազատման դիմումի պատվերը գրել է, համաձայնվել է, որ պետք է ազատվի, սակայն մյուս փոխտնօրենը շատ զայրացել է և փորձել է պաշտպանել ազատվող գործընկերոջը։ Դիմել է դպրոցի այն ուսուցիչներին, որոնք կառավարման խորհրդի անդամ են, որոնք էլ իրենց հերթին դիմել են տնօրենին՝ պահանջով, թե ինչու են այսպես վարվում Մարտիրոսյանի հետ, քանի որ նրա հետ ընդհանրապես չի աշխատել ու միանգամից ազատում է աշխատանքից։ Տնօրենը չի ցանկացել լսել և դուրս է հրավիրել խորհրդի անդամներին»,- պատմեց նա։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե դպրոցում պաշտոնակռիվ է գնում, Դավթյանն ասաց, որ այդպես չէ, քանի որ դպրոցում չկա տնօրենի հավաստագիր ունեցող ոչ մի անձ, որը կհավակներ այդ պաշտոնին. «Այս դպրոցում անձնական հարց չէ, այլ ուղղակի մասնագիտական և մարդկային վերաբերմունքի»։

Նա նաև հայտնեց, որ այս պահին դպրոցում աուդիտ է ընթանում, իսկ տնօրենը ոչ մեկի հետ չի խոսում, չի բանակցում։

Դիտարկմանը, թե միգուցե Չարենցավանի դպրոցի նման, մի օր վարչապետը գնա և աշակերտներին ասի «մռութներ ջան գնացեք դասի» ու ամեն ինչ դրանով վերջանա, Դավթյանը պատասխանեց, որ դժվար թե այս դպրոցում նման բան լինի, քանի որ այստեղ իրավիճակն ավելի լուրջ է։

«Այսօր դպրոցի ուսուցիչները գնացել են մարզպետարան՝ իրենց պահանջը ներկայացնելու։ Ցավալի է, որ Կրթության և գիտության նախարարությունն այսքան ժամանակ անտարբեր է դասադուլ արած երեխաների իրավունքների նկատմամբ, ոչ մի արձագանք չկա նրանց կողմից իրավիճակի նկատմամբ»,- նշեց Դավթյանը։

Նա նաև հավելեց, որ սա միակ դեպքը չէ, Հայաստանում նման խնդիրներով դպրոցներ շատ կգտնվեն։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ