25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բազմակողմ խաղ է գնում՝ այո, Նիկոլը մեր հոգեզավակն է. Փաստ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ-ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու:

Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց 2017թ. Ազգային ժողովի ընտրություններով, երբ Հայ ազգային կոնգրեսը չհայտնվեց խորհրդարանում՝ ընդդիմադիր ուժի դրոշը զիջելով «Ելք» դաշինքին: Նույնիսկ հեղափոխության օրերին ՀԱԿ–ը տեսանելի չէր քաղաքական դաշտում: Տեսանելիության առումով որոշակի տեղաշարժ սկսվեց վերջին ամիսներին:

Հաճախ է շրջանառվող տեղեկություններում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում Լևոն Տեր- Պետրոսյանի հոգեզավակ: Իսկ հասարակության մեջ կա մի ստվար հատված, որ կոնկրետ դիրքորոշում ունի Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի կապը Տեր-Պետրոսյանի հետ, հնարավոր է, իշխանությանը որոշակի վարկանիշային ռիսկեր հասցնի: Այս խոսակություններն ավելի սրվեցին, երբ Փաշինյանը վերջին շրջանում ՀԱԿ-ից և 2008–ի քաղաքական շարժման մասնակիցներից ոմանց նշանակեց տարբեր պաշտոնների: Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց վերոնշյալ թեզը շրջանառողների ուշադրությունից:

ՀԱԿ-ը որոշեց օգտվել տեղեկատվական այս հոսքերից կամ այս խաղից, որտեղ իրենք հասարակության աչքերում Փաշինյանին վարկաբեկող գործիք են: Նիկոլին վերագրվող՝ ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի հոգեզավակ լինելու հանգամանքը ՀԱԿ-ին դուր եկավ:

Նրանք սկսեցին դիրքավորվել հենց այդ մոտեցման սահմաններում: Պատմության վերանայման առաջարկությունները, ամենօրյա ռեժիմով իշխանության մրցակիցներին կուսակցական ռեսուրսներով պատասխանելը, առաջարկությունների ծրագրային փաթեթը, և, բնականաբար, Մարտի 1-ի թեման ՀԱԿ-ին առնվազն հիմա վերադարձնում են քաղաքականության գոնե տեղեկատվական առաջնագիծ: Կոնգրեսն ու Տեր-Պետրոսյանը, փաստացի, խաղում են այն դերը, որը նրանց վերագրվում էր տեղեկատվական հոսքերում:

Մոտավոր այս ամենը կարելի է ձևակերպել այսպես. «Այո, Նիկոլը մեր հոգեզավակն է, 2008-ի շարժման դեմքերից է, եթե չլիներ 2008-ը, չէր լինի 2018-ը, Նիկոլն արել է այն, ինչ մենք ենք փորձել անել»:

Ավելի կարևոր է, սակայն, այլ հարց՝ ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքն ու դիրքորոշումն այս ամենին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի ներկայիս կապերի մասին լուրերը հասարակության շրջանում հարցականներ են թողել: Նույնկերպ սխալված չենք լինի, եթե ֆիքսենք, որ եթե օբյեկտիվորեն ՀԱԿ-ն այժմ Փաշինյանի լիարժեք դաշնակիցների ցուցակում էլ չէ, ապա գոնե «թշնամիների» ցուցակում չէ:

Մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, Փաշինյանի և կոնգրեսականների միջև բարոյահոգեբանական դիստանցիան, այսպես ասած, առավել պակաս է, քան Փաշինյանի և, օրինակ, Սերժ Սարգսյանի «պրոֆեսիոնալների»: Այսքանով հանդերձ, առայժմ չկա որևէ իրատեսական ինդիկատոր առ այն, որ Փաշինյանը գնում է ծավալուն «լևոնականության»:

Ամենայն հավանականությամբ, այս մտայնության հետևում կա մի քանի մոտիվ: Նախ՝ կադրային սովը, որը փորձ է արվում լրացնել հնարավոր բոլոր ռեսուրսներով: Այս իմաստով Փաշինյանի նշանակումներում շատ են ոչ միայն «լևոնականները», այլև «ռոբականները, սերժականները, վազգենականները»:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին իշխանությունն իսկապես դաշնակիցներ չունի: Անհեռատեսություն կլինի նման իրավիճակում մերժել ՀԱԿ-ի ակտիվությունը, գոնե տեղեկատվական դաշտում այն հիմա իշխանություններին ձեռնտու է:

Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կիսել իշխանությունը ՀԱԿ-ի հետ, կամ, ինչպես հիմա մոդայիկ է տարատեսակ խոսակցություններում ասել, մտադիր է Տեր-Պետրոսյանին նշանակել խորհրդական: Գործ ունենք բազմակողմ խաղի հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն իրացնել: Առայժմ այդ շահերի իրացումը տեղի է ունենում տեղեկատվական դաշտում: Իսկ խորհրդական լինելու համար հրամանագիր կամ որոշում Տեր-Պետրոսյանին պետք էլ չէ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ