20 Օգոստոսի, Երեքշաբթի, 2019

«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին. Փաստ

Nikol2-2

«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ-ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ:

Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են:

Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլեւ ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:

Իրավիճակը դեռեւս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը:

Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին:

Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ-ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին:

Մեծ հաշվով, անշուշտ, ԱԺ-ն շատ բան չի որոշում: ԱԺ-ի հանդեպ հասարակությունը նույնպես առանձնապես սպասումներով լցված չէ, ու իշխանության կոլեկտիվ պատասխանատվությունը հասարակական ընկալումներում անձնավորված է Փաշինյանի դեմքով:

Սակայն կա մի անլուծելի խնդիր՝ ԱԺ նիստերը լուսաբանվում ու հեռարձակվում են ուղիղ եթերով: Ասել է թե, եթե ԱԺ-ում իշխանական խմբակցությունը շարունակելու է նույն վարքը դրսեւորել, եւ այդ ամենն էլ հեռարձակվելու է ուղիղ եթերով, դառնալու է ինֆորմացիոն հոսքի հիմնական թեման, ապա հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանի հեղինակությունը կսկսի չբավարարել «լեզվական վրիպակները» կոծկելու համար:

Փաստացի ստացվում է, որ ԱԺ-ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին: Խորհրդարանական ընդդիմության արմատական թեւն՝ ի դեմս ԼՀԿ–ի կամ նախկին իշխանության հետ առնչվող տարբեր սուբյեկտների, ԱԺ-ից դուրս ակտիվորեն հետեւում են իշխանության խորհրդարանական բացթողումներին՝ կրկին ուղիղ եթերի ռեժիմով: Եվ չի փրկում նույնիսկ 70 տոկոսի հանգամանքը, որովհետեւ դրանք Փաշինյանի տոկոսներն են: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կան նախատեսված գործիքակազմեր իրավիճակը շտկելու համար:

Կա խմբակցության ղեկավարի, քարտուղարի հաստիք, կան հանձնաժողովի նախագահների հաստիքներ, շուտով կլինեն նաեւ հանձնաժողովային փորձագետներ: Սրանք կարեւորագույն գործիքներ են խմբակցության աշխատանքը համակարգելու համար: Սակայն խնդիրը մեծ հաշվով կրկին Փաշինյանի դաշտում է:

Որպես թիմի ղեկավար՝ նա պետք է տա այն ուղենիշերը, որոնք իր խմբակցության բազմաքանակ կազմի շարքերում կմտցնեն կարգապահություն ու համակարգվածություն: Այլապես կարող  է ստացվել, որ այդ բազմաքանակ խմբակցությունը ոչ միայն Փաշինյանի հաշվին հայտնվեց խորհրդարանում, այլեւ շարունակում է նույն այդ խորհրդարանում «վրիպել» կրկին Փաշինյանի հաշվին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ