27 Հունվարի, Երկուշաբթի, 2020
KFC

Կանգնած ենք սփյուռքը կորցնելու եզրին

e540b85f2b22e7ce254107fc2eba9e66-2

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան  հանրագրում անդրադարձել է Սփյուռքի նախարարության հնարավոր փակմանը, մասնավորապես նշելով. 

«Այս օրերին սոցիալական ցանցերում բավականին բուռն քննարկման առարկա է դարձել Սփյուռքի նախարարության հնարավոր փակման հետ կապված լուրը։ Հետաքրքիրն այն է, որ կարծիք հայտնող մարդկանց գերակշիռ մասը չի հիմնավորում այս կամ այն մոտեցումը և սահմանափակվում է մի քանի ստանդարդ թեզերով. Մարդիկ կմնան անգործ, բա սփյուռքը ինչ է անելու և այլն։

Անշուշտ, գործազրկությունը լուրջ հարված է, բայց մյուս կողմից, եթե նախարարությունը չի իրականացնում բազմաթիվ գործառույթներ և չի ծառայում Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդմամը, ապա այն պետք է միանշանակ փակել։

Բայց առաջանում է մեկ հարց, իսկ արդյոք լրջորեն քննարկվել է այս նախարարության դերը, գործառույթները և պիտանելիությունը։ Արդյոք այս ոլորտում աշխատող մարդիկ ներկայացրել են բոլոր մանրամասները և հնարավոր զարգացման ուղիները ՀՀ Վարչապետին։

Կարծում եմ՝ ոչ, քանզի նման քննարկման համար պետք է ստեղծվեր բավականին լուրջ հարթակ, որի մասնակիցները կլինեին այս ոլորտում տարիների ամագ ունեցեղ մարդիկ և կազմակերպություններ։

Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը՝ հույս ունենալով, որ այն ինչոր կերպ կնպաստի հարցի ճիշտ լուծմանը։

Նախ՝ մենք պետք է հասկանանք՝ սփյուռք ասելով մենք ի՞նչ նկատի ունենք, ուղակի մոտ 7 միլիոն մեր պես հա՞յ։ Իհարկե ոչ, մենք գործ ունենք բազմաշերտ, բազմակրոն, բազմալեզու, բազմակուսակցական մարդկանց մի շատ լայն շրջանակի հետ։ Այս մարդիկ տարիներ ապրել են այլ երկրներում, և առաջին հերթին հանդիսանում եմ այդ երկրների քաղաքացիներ հետո նոր Հայ։ Մենք նրանց մեջ ունենք հայաստանցի հայեր, ավանդական սփյուռք, 2_րդ և 3_րդ սերնդի հայեր, որոնց հետ աշխատանքը ես համարում եմ ամենակարևորներից և հեռանկարայիններից մեկը։

Տարիներ ի վեր հայապահպանության աշխատանքները բավականին լավ կատարում էին մեր եկեղեցիները, ավանդական կուսակցությունները և տարբեր բարեգործական կազմակերպությունները։ Սակայն տարիների ընթացքում այս կառույցները հետզհետև գրանցում էին մասնակիցների և հետևորդների թվի նվազում։ Սա առաջին հերթին պայմանավորված էր նոր սերնդի նոր պահանջարկներով։ Նոր սերնդի հայերի մի մեծ մաս իրենց առօրյա կյանքի և գործող հայկական կառույցների միջև որևէ կապ չեն գտնում և չեն ընդգրկվում դրանցում, ինչի արդյունքում հեռանում են հայկական աշխարհից։ Անշուշտ, լուրջ քննության առարկա պետք է դառնա սփյուռքում գործող բոլոր կառույցների վերաիմաստավորումը և ժամանակին համահունչ փոփոխությունների իրականացումը։

Բայց դա իրենց գործն է և համոզված եմ, որ իրենք էլ լավ գիտակցում են մարտահրավերները և ուշ թե շուտ գնալու են այդ փոփոխությունների։ Որպես օրինակ կարելի է նշել ՀԲՀՄ -ի գործունեությունը, որը տարեց տարի սկսում է նմանվել դասական բիզնեսի. փող չի բերում ուրեմն փակեք։

Ամենացայտուն օրինակը, իհարկե, Մելքոնյան վարժարանի փակումն էր։ Ամենահետաքրքիրը այն է, որ այս կառույցների՝ տարբեր երկրներում գործող հայկական դպրոցները չեն ֆինանսավորվում կառույցի կողմից, այլ ճիշտ հակառակը, դիտարկում են դպրոցները որպես եկամտի աղբյուր և եթե եկամուտ չկա, ապա դպրոցն այլևս պետք չէ։

Կան շատ այլ օրինակներ, բայց ինչպես նշեցի, համոզված եմ, որ այս բոլոր կառույցների ղեկավարները քաջ գիտակցում են այսօրվա մարտահրավերները և կդիմեն ճիշտ քայլերի, որպեսզի կարողանան պահպանել իրենց դերը։

Ինչ գործառույթներ պետք է ունենա սփյուռքի նախարարությունը։ Գրում եմ շատ համառոտ, բայց համարեք, որ յուրաքանչյուր կետը բացելու համար պետք է շատ ավելի ծավալուն նյութ։ Եվ այսպես.

  1. Առաջին և ամենակարևոր գործառույթը դա իհարկ է հայապահպանությունն է։ Խնդրում եմ սա չնմանեցնել հայերեն խոսալուն, քանզի դա որեև աղերս չունի հայապահպանության հետ։ Հայապահպանությունը առաջին հերթին մարդու գիտակցական համակարգում իր հայ լինելու փաստի ամրապնդումն և սերմացումն է։ Սրան հասնելու համար պետք է կիրառվեն բազմաթիվ և բազմաբնույթ նորօրյա գործիքներ։
  2. Ամբողջ աշխարհում գործող բոլոր Հայկական կառույցների հետ հետևողական աշխատանք, որը կներառի նաև փորձագիտական աշխատանքների իրականացում այս կառույցների համար։ Շատ դեպքերում պետք է այդ կառույցներին ուղորդել դեպի ճիշտ զարգացում։
  3. «Արի Տուն» ծրագիրը, որը վերանվանվել է Քայլ դեպի տուն, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերը պետք է միանշանակ ոչ միայն շարունակել, այլ բարձրացնել շատ ավելի բարձր մակարդակի։ Մենք պետք է ամեն հնարավոր և անհնար եղանակներով ստեղծենք հարթակներ, որոնց միջոցով մեր սփյուռքի երիտասարդները իրենց որպես անհատ կայացման տարիների ընթացքում անպայման պարբերաբար գան Հայաստան և Արցախ։ Այս կետը, իհարկե, կարող է տեղավորվել առաջի կետի տրամաբանության մեջ, բայց հարկ եմ համարել նշել այն առանձին։
  4. Սփյուռքի նախարարության ենթակայության տակ պետք է ստեղծվի շատ լուրջ գիտահետազոտական կենտրոն: Շատ անտրամաբանական է, որ նորանկախ Հայաստանում մենք դեռ չունենք որևէ փաստարկված վերլուծություն աշխարհում բնակվող հայերի քանակի մասին։ Այդ իսկ պատճառով միշտ հնչում են տարբեր թվեր, սկսած վեց միլիոնից մինչև տասնմեկ միլիոն։

Այս լուրջ վերլուծությունը պետք է լինի այս կենտրոնի առաջին հետազոտությունը։ Այս վերլուծությունը անելուց հետո, կենտրոնը պետք է անդրադառնա արդեն առանձին համայնքներին և ուսումնասիրության առարկա դարձնի տվյալ համայնքներում հայերի իրական պատմությանը, նախասիրություններին, ապրելաոճին, գործող կառույցների աշխատանքին, համայնքում առկա և սպասվող խնդիրներին։

Այս կառույցի աշխատանքների հիման վրա նախարարության տարբեր բաժիններ կսկսեն իրականացնել իրենց գործառույթները։ Ինչ-որ իմաստով այս կառուցը լինելու է նախարարության հենասյունը, որի աշխատանքի արդյունքների հիման վրա նաև ուրվագծվելու է Նախարարության գործունեության ծրագիրը։

  1. Նախարարությունը պետք է իր վրա վերցնի բոլոր տեսակի կապերի ստեղծումը և ամրապնդումը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Պետք է դառնա «Մեկ Պատուհան» սկզբունքվ աշխատող կառույց, որը պետք է ուղորդի ցանկացած հարց ունեցող մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ։

Այս բոլոր գործառույթները իրագործելու համար կպահանջվի շատ ավելի մեծ քանակով աշխատակիցներ ունեցող նախարարություն, շատ ավելի մեծ բյուջեով՝ համեմատած այն նախարարության հետ, որն այս պահին կա։

Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք սփյուռքը կորցնելու եզրին, և եթե շարունակենք այսպես, ապա մոտ 25 տարի անց կապը Հայաստանի և սփյուռքի միջև ուղակի կոչնչանա։

Հիշում եմ, որ անցյալում և նույնիսկ հիմա, երբ Համահայկական Հիմնադրամը սկսում է իր դրամահավաքները, մարդիկ ասում են, որ ամոթ է փող մուրալ։ Միշտ ասել եմ հետևյալը, բարեգործությունը Հայապահպանմանն ուղված կարևորագույն գործիքներից մեկն է և այն պետք է միայն զարգացնել։ Համոզված եմ, որ Նախարարությունը պետք է պահել, բայց ոչ ներկա ձևաչափով, այն պետք է վերաիմաստավորել և շատ լուրջ հզորացնել։

Հուսամ՝ ինչ-որ կերպ օգնեցի»։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ