15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

«Батька»՝ հայկական մոտիվներով: Դուբլ առաջին

3F4C160C-E9E7-47DF-B381-D827ED559778_w1023_r1_s

Դեկտեմբերի 13-ին կայացավ հետընտրական Հայաստանի կառավարության առաջին նիստը, որը երկշաբաթյա դադարից հետո վարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս թեև նոր է վերադարձել արձակուրդից, սակայն, ինչպես երևում է՝ ընդհանրապես չի հանգստացել, ընդհակառակը, ավելի ագրեսիվ է դարձել:

Նիստի ընթացքում հերթական հարցի քննարկման ժամանակ Փաշինյանն իր հանձնարարականները չկատարելու համար  մեղադրանքներ հնչեցրեց կառավարության մի շարք անդամների հասցեին: Սակայն մինչ այդ քննադատության բովանդակությանն անդրադառնալը, պետք է ֆիքսենք ևս մի դեպք նույն հարցի քննարկումից:

Խոսելով Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ տարվող քննարկումներից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց է ուղղում մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե արդյո՞ք պահպանվել է կոմունիկացիան Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Հարց է առաջանում՝ տղերք, դուք սա լո՞ւրջ էիք խոսում: Երկրի երկու փոխվարչապետները նմանօրինակ հարցը կառավարության նիստի ժամանա՞կ են ճշտում։

Մինչ նիստը գոնե պատահաբար միջանցքում չէի՞ն կարող  հանդիպել ու մի քանի վայրկյան շփվել, որ նման մակարդակի հարցը կառավարության նիստ չհասներ։ Ախր հասկացեք, եթե նույն թիմի և նույն շենքում աշխատող 2 պաշտոնյա նման հարցը նախքան նիստը միմյանց հետ չեն քննարկում, ուրեմն կամ նրանց չի հետաքրքրում այս հարցը, և միայն ամենավերջում են խոսում այդ մասին, կամ էլ այնպես են վերափոխվել գրասենյակային չինովնիկի կերպարին, որ, ինչպես ասում են՝  իրենց «պալոժ» չի ուրիշի հետ ինչ-որ բան քննարկել: Այս երկուսն էլ շատ վատ է, բայց այս ամենի մեջ ամենավատը կառավարության վերին օղակում տիրող անտեղյակությունն է:

Սակայն սա այս նիստի ընդամենն անոնսն էր. քիչ անց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել կառավարության որոշ անդամներին իր հանձնարարականները չկատարելու համար:

«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳ-իզմի», «ՊՈԱԿ-իզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությա՞մբ: Եվ ամեն անգամ, երբ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում ա՝ մենք պետք ա նորից քննարկենք: Ոչ մի բան պետք ա նորից չքննարկենք: Ի՞նչ ա ԾԻԳ-ը: Էդ պադավատներ են, ատկատներ են, էդ կոռուպցիա ա։ …Եվ էն պաշտոնյաները, որ կպարզվի՝ հանձնարարականը չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին: Շատ հստակ եմ ասում…»,- կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը:

Այստեղ, իհարկե, կարելի էր հիշել  նույն Փաշինյանի՝ հանրահավաքներից մեկում հնչեցված «քանի գլխանի են, որ իմ ասածը չանեն» արտահայտությունը, բայց հասկանալի է, որ այստեղ այլ խնդիր է լուծում Փաշինյանը: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններն ավարտվեցին, նախորդ իշխանությունը, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, այլևս որևէ դերակատարում չունի քաղաքական կյանքում. դրանից բացի, երկրում որևէ այլ բան չի փոխվել, և մարդիկ դրանից ավելի լավ չեն ապրում:

Այսօր Փաշինյանին նոր մեղավորներ են պետք, ում նա սկսել է փնտրել արդեն յուրայինների շարքերում: Լավ կլիներ կողքից որևէ մեկը վարչապետ Փաշինյանին հուշեր, որ այդ նախարարներն իր նշանակած կադրերն են: Նիստին ներկա մարդիկ և, առհասարակ, ամբողջ իշխանությունը, ինչպես ասում են՝  «քոնոնք են», Ձեր նշանակածն են, ու եթե նրանք նույնիսկ մի բան այն չեն անում կամ ասում, ապա դրա մեղավորը Դուք եք, որ Հանրապետության հրապարակից «դմփ-դմփ հու» անողներին բերել եք առաջին պլան՝ ոչ ավել, ոչ պակաս՝  կառավարություն:

Անդրադառնալով արդեն բուն երևույթին, Փաշինյանի այդ ոճն ակամայից հիշեցնում է ԱՊՀ իր գործընկերներից մեկին:  Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Փաշինյանը խոստացել էր բացատրություններ պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, բայց, ինչպես երևում է, բացատրություն պահանջելու փոխարեն, Փաշինյանը «Բատկա»-ից խորհուրդներ է հարցրել, թե ինչպես ինքնահաստատվել՝ սեփական կադրերին ցեխը շպրտելով: Դե Լուկաշենկոն դրա մեծ վարպետն է, և ամեն ամիս ժողովրդի համար նման տեսարաններ է կազմակերպում՝ այցելելով այս կամ այն գերատեսչություն կամ ձեռնարկություն, տեղում ձերբակալելով, քննադատելով  իր իսկ նշանակած կադրերին: Նման տեսանյութերը լիքն են համացանցում:

Գալով արդեն բուն խնդրին, որ որոշ նախարարներ չեն կատարել վարչապետի հանձնարարականները, պետք է  փաստենք, որ դրա հիմքերը գալիս են հենց Փաշինյանից: Գիտե՞ք ինչու չեն կատարել, որովհետև այդ պաշտոնյաները տեսել են, որ երկրի համար կարևոր այս պահին, երբ անգամ հասարակ ՊՈԱԿ-ների տնօրենները տարեկան հաշվետվություններ ու գալիք տարվա ծրագրեր կազմելու նպատակով գիշեր-ցերեկ աշխատավայրերում են անցկացնում, նորին մեծություն վարչապետն  իր կուսակցության շահը և ընտրություններում մի քանի ձայն ավել տանելը գերադասում է պետական հարցերից և 2 շաբաթով արձակուրդ է գնում՝ երկրի ղեկավարումը թողնելով մի խումբ թրաշամանուկների հույսին:

Իսկ եթե ղեկավարն այդպես է մտածում, ապա ինչո՞ւ պետք է նրա ենթականերն իրենց կոտորեն, առանց այն էլ լավ հարմարվել են՝ տաքուկ սենյակներ, ծառայողական ավտոմեքենաներ և այլն, իսկ պետության գործերը հետո էլ կանեն, կամ էլ Տիգրան Ավինյանի պես՝ կգան կառավարության նիստի, ու տեղում աշխատելու իմիտացիա կստեղծեն. ինչո՞ւ աշխատել, եթե, միևնույն է՝ ժողովուրդը դեռ հավատում է ամեն ինչին:

Մաքսիմ Մուսինյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ