14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին

3.thumb

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են: Այս մասին այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին:

«Ամեն մարդ ինքն ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան: Կարևորը՝ ուզում եմ մի բան ասել՝ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ օգտակար լինել, որ բան փոխվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն գնալու դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ընտրությունների օրը հայտնի լինելուց հետո կտեղեկացնեն՝ ինչպես են մասնակցելու և ինչ թիմով:

ԲՀԿ ղեկավարը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ բոլոր բարիկադները քանդվել են. «Մենք վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որով դժվարեցվում է ԱԺ-ի լուծարման գործընթացը, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Պատգամավորի իրավունքի խնդիրն է, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք օրինական: Դա է եղել, իսկ լրագրողները այնպես են ներկայացնում, որ գաղտնի է եղել»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունում անազնիվ մարդիկ կան, ովքեր ԱԺ կանոնակարգ օրենքի ընդունման հետ կապված խաբել են իրեն:

Հայտարարության վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Եթե դու Տիգրան Ուրիխանյանին հարցնես՝ ով է այդ անազնիվ մարդը, ես այդ մարդուն մեր համակարգից կհեռացնեմ»:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ