12 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Բոլորս որբացանք…

405000

… Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ… Այդքան ներկա… իմ սիրելի, պաշտելի Հայր…

Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով… Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել…Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել… մինչեւ մահվան սառսուռն անցավ… Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ… նորից արթնացա… արդեն կենդանի… Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում… 

Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում…Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ… Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում…Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր…ու փորձում էի անել այդպես…

Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել… Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ…Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում… դու ՝
արդեն ութսուն տարեկան… 

Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ… Կալանքիցս հետո վերսկսում էի… առաջին հյուրախաղերս էին առջեւում… Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու… Նայում էի, հավատս չէր գալիս… այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական… Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից…Ժամեր շարունակ… Մինչ օրս դեռ հավատս չի գալիս…

… Հիմա էլ հավատս չի գալիս… Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր…Այդպես էիր որոշել… ու ես անվերապահ հավատում էի դրան… 
Բայց Աստծո որոշումն այլ էր… ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն… քո հրաշք երգերի… մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ…
Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք… փոքրիկ հսկա… մեծ հայ… Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում… Սիրո հրեշտակները…

Վարդան Պետրոսյան

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ