26 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Այսքան վիթխարի տիեզերքը Աստվածային վատնո՞ւմ է. պատասխանում է աստղաֆիզիկոսը

Աստղադիտակների գյուտից առաջ ոմանք կարծիք էին հայտնում, թե Տիեզերքը չափազանց փոքր ու չնչին է, և որպես այդպիսին՝ չի կարող Աստվածային Արարչի գործը լինել։ Անսահման Տիեզերքը միայն, ասում էին, վայել ու պատշաճ կլիներ անսահման Աստվածությանը։ Այսօր ճանաչում ենք Տիեզերքի վիթխարի մեծությունը, և սակայն՝ ոմանք կարծիք են հայտնում, որ սա ևս մի փաստարկ է Արարչի գործը լինելու դեմ։

Իր « God: The Failed Hypothesis » (« Աստված. Ձախողված Վարկածը») գրքում ֆիզիկոս Վիկտոր Սթենգերն այսպիսի կարծիք է հայտնում. « Եթե Աստված ստեղծել է տիեզերքը որպես մի հատուկ վայր մարդկության համար, թվում է, թե հսկայական քանակի տարածք է վատնել »։ Տիեզերքն, իրոք, պարունակում է մոտ 200 միլիարդ մեծ ու միջին գալակտիկաներ, մոտ 20.000 միլիարդ գաճաճ գալակտիկաներ, իսկ աստղերի թիվը հասնում է մոտ 50 միլիարդ տրիլիոնի։

Թորոնթոյի Համալսարանի (Կանադա) դոցենտ, աստղաֆիզիկոս Հագ Ռոսսը, մինչդեռ, բացատրել է, որ « նրանք, ովքեր առանձնաշնորհությունը չեն ունեցել ուսումնասիրելու աստղաֆիզիկան, կարող են չհասկանալ, որ տիեզերքը պետք է այնքան հսկայական չափեր ունենա, որպեսզի կարողանա հնարավոր դարձնել մարդկային կյանքը, կամ ուրիշ որևէ տեսակի կյանք իր ներսում »։ Պատճառներն առնվազն երկուսն են. առաջինը վերաբերվում է կյանքի համար էական տարրերի արտադրմանը, մինչ երկրորդը՝ ընդարձակման արագությանը։

Բիգ Բենգի մոդելը, որն այսօր մեծ հեղինակություն է վայելում գիտական աշխարհում, ասում է մեզ, որ տիեզերական արարման պահին Տիեզերքը անսահման տաք ու սեղմված է եղել, և նրա մատերիան գոյություն է ունեցել ջրածնի կերպարանքի ներքո։ Ընդարձակվելով՝ այն սառում էր, իսկ ընդարձակման արագությունը կախում ուներ նրա զանգվածից։ Առանց բարդ բացատրությունների մեջ խորանալու, բավական է հասկանալ, որ եթե տիեզերական զանգվածի խտությունը մի քիչ նվազ լիներ, սկզբնածին ջրածնի ատոմային միաձուլումը տեղի չէր ունենա և երբեք չէին արտադրվի կյանքի համար էական տարրեր, ինչպիսիք են, օրինակի համար, ածխածինը, բորակածինը (ազոտը), թթվածինը, և այլն։ Իսկ եթե, ընդհակառակը, այդ խտությունը մի քիչ ավելի լիներ, ամբողջ ջրածինը արագընթաց կերպով կվերածվեր կյանքի համար անպիտան տարրերի։ Այսպիսով, Ռոսսը մեկնաբանում է. « Հաշվի առնելով ֆիզիկայի այն օրենքները, որոնցով աշխատում է տիեզերքը, տիեզերական զանգվածը չպետք է տարբեր լիներ այն զանգվածից, որը ճշգրիտ կերպով դիտարկում են աստղագետները, այլապես՝ մենք հիմա այստեղ չէինք լինի՝ դիտարկելու և բանավիճելու։ Ավելի մեծ կամ ավելի փոքր տիեզերքը չէր կարողանա հնարավոր դարձնել ֆիզիկական կյանքի գոյությունը »։ Հետևաբար, վերադառնում ենք այն զգացողությանը, որ Տիեզերքում ամեն ինչ մանրակրկիտ կերպով ներդաշնակեցված է բանական կյանքի գոյությանը։

Երկրորդ պատճառը, որի համար Տիեզերքը պետք է ունենար այն չափսերը, որոնք ունի, կապված է տիեզերական ընդարձակմանը։ Այս վերջինը, ինչպես արդեն ասացինք, կախված է զանգվածի խտությունից. հաշվի առնելով ձգողականության օրենքը, զանգվածի նվազ խտությունը չափազանց արագ կդարձներ ընդարձակումը, այդպիսով խոչընդոտելով աստղերի ու մոլորակների ձևավորմանը. զանգվածի առավել մեծ խտությամբ, մինչդեռ, բոլոր աստղերը վիթխարի կլինեին (կամ կվերածվեին սև խոռոչների) և իրենց ուղեծրերում գտնվող մոլորակները լիովին անհարմար կլինեին մարդկային կյանքի համար։ Հետևությունը, որ կարող ենք անել այս ամենից, այն է, որ ֆիզիկական կյանքը չի կարող գոյություն ունենալ մի տիեզերքում, որի զանգվածի խտությունը առավել կամ նվազ կլինի այն արժեքից, որը դիտարկում ենք մեր ներկա Տիեզերքում։

Փիլիսոփայական և աստվածաբանական դաշտ մտնելով, – այնպես, ինչպես որ փիլիսոփայական դաշտ է մտնում նա, ով մերժում է Աստծո գոյությունը, որպես դրա հիմք ընդունելով Տիեզերքի չափսերը, – կանադացի աստղաֆիզիկոսը հասնում է բանաձևելու մի շատ պարզ պատճառաբանություն. « Հաշվի առնելով այս իրավիճակը, ինչ որ մեկը կարող է առարկել, որ սոսկ զուգադիպումը բացատրում է տիեզերքի զանգվածի ”ճիշտ” խտությունը։ Եվ սակայն, գիտնականները դիտարկում են, որ տիեզերքի զանգվածը ճշգրիտ կերպով ներդաշնակեցված է՝ արտադրելու համար կյանքի համար էական տարրերի պատշաճ առատությունն ու բազմազանությունը, և որ զանգվածի խտությունը ճշգրիտ կերպով որոշված է՝ հնարավոր դարձնելու համար ընդարձակման ճիշտ արագությունը տիեզերական ողջ պատմության ընթացքում, այնպես, որ աստղերն ու մոլորակները ձևավորվեն կյանքի համար հարմար ճիշտ պահերին և ճիշտ տեղերում։ Աստղագիտական անհավանականությունների այս զուգադրությունը ակնհայտ կերպով մարտահրավեր է նետում որևէ մեկնաբանության, որը տարբերվում է անդրանցական դիտումնավորությունից »։

Այսինքն, առկա է մի այնպիսի « տիեզերական կատարելագործություն », որը կարող է բացատրվել միմիայն նախադրելով մի « դիտումնավորություն, նպատակային ուղղվածություն », և ո՛չ թե մի « զուգադիպություն, պատահականություն »։

Ինչպես որ գրել է Միննեսոթայի Համալսարանի (ԱՄՆ) Մաթեմատիկայի ամբիոնի դեկան Ալֆիո Քուառթեռոնին. « Հավատք ունեցողի համար Արարիչ Աստվածը չի կարող նաև մաթեմատիկոս չլինել։ Բոլոր մաթեմատիկոսների մեջ ամենամեծը, բնականաբար։ Քանի որ լուծել է հետընթաց ամենաբարդ խնդիրը, որ երբևէ դրվել է. որոշել սկզբնական ճշգրիտ պայմանները (ժամը Զրոյին, արարչության պահին), որպեսզի տիեզերքի հեղաշրջման (էվոլյուցիայի) դինամիկ համակարգը այսօր հասներ ունենալու այս զարմանահրաշ մեծությունը »։

Աղբյուրը՝ mashtoz.org

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ