19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաց Բերողին սպանեցին հացկատակները /տեսանյութ/

«Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործերով փաստաբան Արայիկ Պապիկյանը այսօր` մարտի 16-ին, Հաց բերող Արթուր Սարգսյանի հշատակի օրը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կիսվեց իր տեսակետով:

Պապիկյանի ելույթը շատերին հուզեց.

Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր լրացավ մեկ տարին, ինչ մեզ հետ չէ Արթուր Սարգսյանը: Նրա ֆիզիկական բացակայության համար մեծ հաշվով մեզնից յուրաքանչյուրը մարդկային և բարոյական առումով իր մեղքի բաժինն ունի:
Մենք չափազանց քիչ ջանք գործադրեցինք տեր կանգնելու մեր իշխանությանը, մենք գրեթե ոչինչ չարեցինք Արթուրին՝ Հաց Բերողին հասարակության կողմից պահանջված արդար «դատին» հանձնելու համար:
Մենք տարիներ շարունակ ապրում ենք արդարության և օրինականության քաղցի պայմաններում:
Արթուրն իր անձնազոհ օրինակով ընդվզեց, ապստամբեց և մեզ ցույց տվեց, թե որն է արդարությունը. նա Հաց Բերեց և վերացրեց մեր քաղցը:
Նա ապստամբելով բերեց արդարության և բարոյականության Հայցը:

Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի մարտիրոսվելու օրերին իմ ընկերներից մեկը մի խոսք ասաց, որ այդ օրերի դիպուկ բնորոշումներից էր՝ Հաց Բերողին սպանեցին հացկատակները: «Հացկատակ» բառը կարելի է հասկանալ հենց ուղիղ ընկալմամբ՝ հացի հետ կատակ անող, և այս առումով բառը հրաշալի բնութագրում է այսօրվա իշխանություններին. նրանք արդեն քանի տարի չարախինդ կատակ են անում ժողովրդի հացի հետ … Բայց «հացկատակ» բառի բուն նշանակությունն ուրիշ է. այն նշանակում է՝ պորտաբույծ, ձրիակեր, պնակալեզ, և այդ բառերից յուրաքանչյուրը հոմանիշ է այսօրվա իշխանություններին:
Այո՛, Արթուր Սարգսյանին սպանեցին իշխանական պորտաբույծները, ձրիակերները, պնակալեզները, Արթուր Սարգսյանին սպանեց պետական այն քստմնելի մեքենան, որը բնավ էլ ստեղծված չէ սեփական ժողովրդին հաց տալու. նա ընդամենը կարող է այդ հացը խլել: Եվ այդպես է լինելու միշտ, քանի դեռ այդ մեքենայի «շարժիչը» չի հավաքվել ժողովրդի ձեռքով: Արթուր Սարգսյանի մահը, որքան էլ ողբերգական ու կանխորոշված, այնուամենայնիվ մի հզոր բան ունի իր մեջ. այն շարունակում է մեզ ապրեցնել, իսկ Հաց Բերողի լուսավոր կերպարը անցյալ ժամանակներից վաղուց հույսի ու հավատի շող է նետել գալիքին: Այնպես որ՝ պետք է հուսալ և հավատալ, որ ապագան հացբերողներինն է լինելու, ոչ թե հացկատակներինը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ