20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն. Չարենցի մարգարեությունը

Կոմիտասի թաղումն էր: Դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում: Ահագին բազմություն էր հավաքվել; Ներս եկողը չէր հեռանում: Լավ հիշում եմ, այնտեղ էին Կոմիտասի ընկերները, հայ գեղարվեստական մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք Կոմիտասի հետ բարեկամություն էին արել, հետը գործել:

Կանգնած էր Մանուկ Աբեղյանը, ինչպես մի խոժոռ ժայռաբեկոր, դեմքը խիստ էր, ոնց որ միշտ, և դժվար էր հասկանալ այդ պահին ինչ էր մտքինը: Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար; Չարենցն էր: Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ: Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը:

Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին …. Անմիջապես ճանապարհ տվին: Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը: Երեկոյան մոտն էի: Հետաքրքրվեց հողարկավորության մանրամասնություններով: Ասացի, որ Հայկանուշ Դանիելյանը երգեց. պատմեցի, թե ինչպես, վերջում, Կոմիտասի հողաթումբը շրջապատելով՝ կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն», իսկ այդ պահին մաղող անձրևի միջից մայր մտնող արևն իր վերջին շողերն էր արձակել: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկինքը լալիս էր, արցունք թափում:

Չարենցը հուզվեց: Փորձեց իրեն տիրապետել, չկարողացավ: Տեղիցը վեր կացավ: Անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց… լալիս էր: Քիչ հետո մոտեցավ գրասեղանին, վերցրեց մի թերթիկ, ուզեց կարդալ, բայց, հազիվ շշնջաց միայն վերնագիրը, հիշում եմ՝ «Վերադարձի երգ», և այլևս չշարունակեց: Ես ոչ մի ձայն չհանեցի: Եվ կարիք կա՞ր, արդյոք, որ մի բան ասեի:

Մի փոքր հետո խոսեց.

-Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես: Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան: Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է , բոլորինը, մարդկությանը: Ու այն ժամանակհայը, ավելի բախտավոր, քան մենք, կտեսնի անմահացած Կոմիտասին՝ Մոցարտին և Շուբերտի կողքին:

Քիչ անց ասաց.
_ Լսիր ինձ ու հավատա: Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն: Դամբան կկառուցեն նրա համար: Թող պառկի այնտեղ և բոլորը գան ի տես: Նա արժանի է դրան; Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել:

Ռուբեն Զարյան «Հուշապատում»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ