19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:

Այսպես, Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նարսան ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռ. Հ.-ն ամսական կայուն եկամուտներ ստանալու նպատակով Ա. Վ.-ի օժանդակությամբ զբաղվել է վաշխառությամբ, այն է` 2014-2015թթ.-ի ընթացքում բնակարանների ձևական առուվաճառքի պայմանագրերի կնքման, իսկ իրականում` որպես գումարի վերադարձման երաշխիք հիշյալ բնակարանների գրավադրման դիմաց մի շարք քաղաքացիների գումարներ է տվել, որոնց դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի  հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 2.5, 3 և 5 տոկոսադրույքներով տոկոսներ:

Ռ. Հ.-ի կողմից վաշխառություն կատարելու հիշյալ հանգամանքների, ինչպես նաև խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանը: Սակայն Ռ. Հ.-ի կողմից վաշխառությամբ զբաղվելուն օժանդակած Ա. Վ.-ն նախաքննության ընթացքում հիշյալ քննիչին առանձնապես խոշոր չափերով կաշառք է առաջարկել Ռ. Հ.-ի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, վաշխառություն կատարելու դրվագներով պատշաճ քննություն չկատարելու, Ռ. Հ.-ի նկատմամբ վաշխառության համար քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաև հետագայում վերը նշված բնակարանների նկատմամբ դատարանի վճռով Ռ. Հ.-ին բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու համար Ա. Վ.-ն քննիչ Լ. Գրիգորյանին առաջարկել է 4.763.750 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն հասցրել է ստանալ կաշառքի մի մասը` 952.750 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար քննիչ Լ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վաշխառությամբ զբաղվելու համար Ռ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ վաշխառությամբ զբաղվելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչ Լ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ