15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Չարենցի ողբերգական մահն ու «Սասնա ծռեր»-ը

20

Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան: Սակայն նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզ չեն: Կա երեք վարկած: Խորհրդային պաշտոնական վարկածով Չարենցը նախքան մահը օրեր շարունակ տառապել է մորֆի չօգտագործելու հետևանքով, հյուծվել, հիվանդացել է (ենթադրաբար՝ լյարդի, երիկամների, սիրտ-թոքային անբավարարությամբ):

Հիվանդ Չարենցին տեղափոխել են բանտի հիվանդանոց, որտեղ և մահացել է: Կա նաև նոյեմբերի 28-ին կատարված դիահերձման արձանագրություն, որի մեջ նշված է.

«Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած: Ձախ կրծքավանդակին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա. Չ»» (բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկի մահվան թվականը):

Սակայն դրանից մոտ մեկ ամիս առաջ Չարենցն Իսահակյանին գրել էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չի հուղարկավորվել: Սա հիմք է տալիս կարծելու, որ պաշտոնական վարկածը կեղծ է:

Երկորդ վարկածը հիմնված է խցակիցների վկայությունների վրա: Ըստ այդմ՝ Չարենցին սպանել են ծեծելով: Ծեծը սկսվել է նախ բանտախցում, որտեղ ռուս սպաները ճտքակոշիկներով (սապոգ) դաժանաբար ծեծել են Չարենցին:

Այնուհետև ծեծը շարունակվել է քննչական սենյակներում: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Եվ այդ օրը Չարենցին ծեծված-ջարդված տարել են բանտի հիվանդանոց, որտեղ նա մնացել է 10 օր: Չստանալով որևէ բժշկական օգնություն, Չարենցը ստացած վնասվածքներից մահացել է (ենթադրաբար՝ ներքին արյունահոսությունից): Այնուհետև Չարենցի դին գիշերով հանել են բանտից, տարել ամայի մի վայրում թաղել: Երրորդ վարկածը վերագրվում է դահիճներից մեկին՝ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդու, որը հետագայում ստացել է գնդապետի կոչում և արժանացել Լենինի շքանշանի:

1997թ. լույս է տեսնում հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» վերնագրով. «1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան Չարենցին հանում են Երևանի բանտից և նստեցնում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին մի բարձրաստիճան չեկիստ, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ: Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ բարձրաստիճան չեկիստը արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել:

Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը»: Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինիս վկայությունը հրատարակվել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում: Չարենցին թաղում են գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, ամայի վայրում: Այս մասին ամենալուրջ վկայությունը կապվում էր Եղիշե Հովհաննիսյան անուն-ազգանունով մի մարդու հետ:

Նա 40-ականների վերջին նյութեր է հավաքում, ցուցակագրում 15 հոգու, ովքեր հիմնավոր վկայություններ են տալիս Չարենցի թաղման վայրի մասին: Ենթադրություն կա նաև, որ Չարենցը թաղված է Ողջաբերդ տանող ճանապարհի եզրին: Այդ տեղում 1957թ.-ին կառուցվել է կամար, որի վրա փորագրվել են Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը: Չարենցի կամարը ուխատեղի է բազմաթիվ մտավորականների, երիտասարդ պահպանողականների, չարենցասերների համար:

Չարենցին սպանելու պատճառներն ուսումնասիրողները առաջ են քաշում երկու վարկած: Առաջինը հղվում է համատարած բռնաճնշումների տրամաբանությանը: Երկրորդ վարկածն անհատական է և առնչվում է «Սասնա ծռեր» էպոսի հրատարակմանը: Այսինքն, խորհրդային ղեկավարությունը վախեցել է, որ Չարենցը, հրատարակելով «Սասնա ծռերը», նպատակ է հետապնդել ոգևորելու հայ ժողովրդին, բարձրացնելու նրա ինքնագիտակցությունը, մղելու անկախության համար պայքարի: Այդ պատճառով նրան համարել են շատ վտանգավոր և սպանել են:

 … Եղիշե Չարենցը Հայաստանի պետական հրատարակչության՝ Հայպետհրատի հայ և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիրն էր 1934-35թթ.:

Տպագրվում են բազմաթիվ արեքավոր գրքեր, այդ թվում՝ լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը՝ Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ (Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Նախաբանն ու ծանոթագրությունները կազմում է Կարապետ Մելիք-Օհանջանյանը): Կարապետո Մելիք-Օհանջանյանը հուշերում գրում է.

««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ՝ ինչպիսի ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «Ծռերի» Ա հատորը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում…

 – Շնորհավորում եմ,- մեկնեց իր ձեռքը մեզ:- Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»:

 «Սասնա ծռեր» էպոսի հրատարակումից հետո Չարենցին հեռացնում են Հայպետհրատից և Գրողների միությունից: 1936թ. սեպտեմբերի 24-ից նրան տնային կալանքի տակ են վերցնում: Այդ օրերին Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր տեսարանի:

 «Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…» :

Մինչև 1937թ.-ի հուլիսի 27-ը Չարենցը մնում է տնային կալանքի տակ: Այդ օրը չեկիստները ներխուժում են Չարենցի բնակարան և նրան տանում բանտ, մեղադրելով ազգայնականության, հակահեղափոխականության և ահաբեկչության մեջ:

Իզաբելան (Չարենցի կինը) նամակ է գրում ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին և խնդրում ազատել Չարենցին (Խորհրդային հակամարդկային վարչակարգը, այդ նամակը հիմք ընդունելով, 1938թ. նոյեմբերի 23-ին Չարենցի հանցագործությունները պարտակելու մեղադրանք է ներկայացնում Իզաբելային, դատապարտում և 5 տարի աքսորում Ղազախստան):

Հոկտեմբերի 6-ին Չարենցը կնոջը՝ Իզաբելային գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ