26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ խոսել Աստծո հետ Մեծ Պահքից առաջ

Աղերս Աստծուց Մեծ Պահքից առաջ.

Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա: Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Ոդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրականացնելու համար:

Որդի՜ Աստծո, մեր Տե՜ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ քառասնօրյա ծոմապահությամբ ցույց տվեցիր, որ մարդու համար հնարավոր է ժուժկալությամբ և աղոթքով հասնել հոգևոր բարձունքի: Քո՛ Սուրբ Մկրտությամբ հաստատեցիր վերստին ծնունդով նոր մարդ դառնալու գաղափարը: Քո՛ երեքամյա հանրային ծառայությամբ փոխանցեցիր
սերնդե սերունդ Քո ճշմարիտ Լույսը: Երախտապարտ ենք Քեզ, որ կամավոր հանձն առար Խաչի տանջալից մահը մեր մեղքերի պատճառով:

Հարություն առար, երևացիր մարդկանց փաստելով Աստվածությունդ: Համբարձվեցիր և խոստացար ուղարկել Սուրբ Հոգին, որպեսզի լուսավորի Քո առաքյալներին, որոնք էլ իրենց հերթին առնելով Սուրբ Հոգին, գրի առան Քո բոլոր պատգամներն ու ուսուցումները ճշմարիտ կյանքի համար: Հաստատեցիր մեզ համար Քո Մարմինն ու Արյունը ճաշակելու Խորհուրդը, որպեսզի անմասն չմնանք Քեզնից: Ոչնչից զուրկ չթողեցիր մեզ` երախտամոռներիս: Այդ բոլորը փոխանցվեց մեզ երկու հազար և ավելի տարիներ հետո, բայց մենք արարածներս չենք կարողանում կատարել մեր Արարչի պատգամները ինչպես որ հարկն է, միայն մեղքի պատճառով:

Ծոմ ու պահք ենք պահում աղավաղված ու արդյունքի չենք հասնում: Մկրտվում ենք Քո Անունով, սրբվում ենք մեղքից, բայց չենք կարողանում մաքուր պահել մեր սիրտը նախանձից ու բարկությունից, էլ ուր մնաց
մեր հոգին, որ Աստծու Տաճար, և Սուրբ Հոգու բնակարան կոչվեց: Պսակվում ենք Եկեղեցու խորհրդով, բայց տեր ու հնազանդ չենք լինում;

Քո միացրածը Պսակը մարդկային ձեռքերը բաժանում են, անտեսում ենք այն խոստումը, որ տվեցինք Քեզ, Աստվածաշնչի, Սուրբ Սեղանի, Քահանայի և մեր հարազատների վկայությամբ: Նույնիսկ ճաշակում ենք
Քո Սուրբ Մարմինն ու Արյունը անարժանաբար, այդ պատճառով շարունակում ենք մնալ նույն մեղանչող բնությամբ: Ո՞վ կգթա մեզ, եթե ոչ Դո՛ւ, Ո՜վ Բարերար:

Մենք արժան չենք Քո մեծ ողորմությանն ու գթությանը, համբերությանն ու կարեկցանքին, ներողամտությանն ու բարերարությանը: Մենք հավատում ենք Քեզ, և այդ հավատը այնքան տկար է որ մեր մարդկային գործոնը իշխում է մեր բանականությանը, որ Դու տվեցիր մեզ անասունից տարբերվելու համար: Դու մեզ ուղղաձիգ ստեղծեցիր և որպես պահպանող հատկություն տվեցիր աստվածճանաչողությունը, բայց մենք դարձյալ ընտրեցինք մեղքը և թաքնվեցինք Քեզնից: Ողորմի՜ր մեզ Տե՛ր, դաձյալ գթա, նորի՛ց ներիր, շնորհի՛ր մեզ ճշմարիտ ապաշխարություն, ո՛ւժ տուր մեզ, այս անգամ պատվով դուրս գալ պահքից և արժանանալու Քո Հարության պանծալի տոնին հաղորդակից լինել արժանավորապես, աղաչո՜ւմ ենք Քեզ` և Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն աղոթք ենք վերառաքում ամենայն ակնածանքով և ողբալի աղերսներով: Լսի՜ր մեզ…

Օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Որդիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն.
Օրհնյալ Հոգիդ Սուրբ Աստված ճշմարիտ. Ամեն:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ