09 Օգոստոսի, Կիրակի, 2020
KFC

Ռոբերտ Քոչարյանը չի նահանջում

robert-kocharyan-4

Օրեր առաջ նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Այսօր DW–ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով, գրում է 2rd.am-ը։

Բացի այդ, գալիք ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք այդ հարցազրույցի ամբողջական տեսագրված տարբերակը, ինչպես նաև դրա ամբողջական հայերեն թարգմանությունը:

Հայաստանի նախկին նախագահը պատմել է DW-ին, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը,  խոսել սահմանադրական հանրաքվեին  իր վերաբերմունքի և ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին:

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին այդ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել DW-ին: Նա ոչ միայն պարզաբանել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այլև՝ պատմել այն մասին, թե ումից է կախված հակամարտության հանգուցալուծումը Լեռնային Ղարաբաղում, ամփոփել է Հայաստանի ինտեգրացիոն ընտրության առաջին արդյունքներն ու կանխատեսել է ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

DW. -Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:

Ռոբերտ Քոչարյան -Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի:

Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը:

Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա  սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում:

DW. -Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:

Ռոբերտ Քոչարյան -Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի:

Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը:

Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում:

DW. -Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում:

Ռոբերտ Քոչարյան -Կարելի է  ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, և ես լիահույս եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է:

DW. -Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ:

Ռոբերտ Քոչարյան -Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում:

DW. -Խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Անցյալ տարի նրանք երեք անգամ հանդիպեցին: Այս տարի՝ դեռևս այդպիսի հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց է գնում…

Ռոբերտ Քոչարյան -Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում: Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի  հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների  բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ:

Միևնույն ժամանակ, կարծում եմ՝  երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա /նախագահների հանդիպումները, – խմբ./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող  եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն  ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է,  որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է:

DW. -Երկու տարի առաջ Երևանը ընտրություն կատարեց հօգուտ Եվրասիական Տնտեսական Միության՝ սառեցնելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Հայստանի ԵԱՏՄ մտնելու պահից անցել է շուրջ տաս ամիս: Արդարացա՞ն արդյոք Ձեր կարծիքով Հայաստանի սպասումները:

Ռոբերտ Քոչարյան -Կարծում եմ՝ ոչ: Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ:

Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու:

Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է եֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:

DW. –Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ինչ չափով է ազդել դրանց վրա Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:

Ռոբերտ Քոչարյան – Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ:

Առավել ևս այդ  աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/: Իհարկե չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում:

Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միևնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում:

Զրուցեց Աշոտ Գազազյանը

Բնօրինակը՝ dw.com

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ