750 ուսանող կրթաթոշակ է ստացել
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
‘’Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի եւ խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա: Այսուհետ մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը’’,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին:
‘’Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար’’- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:
Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել են հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանողներ, այդ թվում` 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողներից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են, այդ թվում` Գավառի եւ Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու եւ Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երեւանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:
Henaran.am-ին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից