Շարամազանովը հավատաց եւ փոխեց
“Հայաստանը պատրաստվում է խորհրդրանական ընտրությունների եւ քաղաքական ավանտյուրիստներից մինչև առողջ քննադատներ այսօր անդրադառնում են այդ կարևորագույն խնդրին”,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ու հավելեց, թե փաստ է, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է, այն է՝ խորացնել ժողովրդավարական գործընթացները:
“Հայաստանում ժողովրդավարական ազատություններին այլընտրանք լինել չի կարող: Այդ իմաստով շատ էական էր ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա կոչ արեց մեզ՝ իր կուսակիցներին և համակիրներին, գնալ համակարգային բարեփոխումների ճանապարհով: Այդ կոչը հիմնված էր հստակ իրականացված աշխատանքի վրա, որը ողջունեցին նաև մեր եվրոպացի գործընկերները”,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը պատահական չհամարեց, որ ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը նշեց, որ Եվրոպայում հպարտանում են Հայաստանի նախագահի և նրա ղեկավարած ուժի իրականացրած բարեփոխումներով և որ ՀՀԿ-ի հաջողությունն անհրաժեշտ է ոչ թե ՀՀԿ-ին, այլ ողջ հասարակությանը, որովհետև ՀՀԿ-ն է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկը:
Շարմազանովն անդրադարձավ նաեւ արտաքին մարտահրավերներին. “Թուրքիայի փոխվարչապետը համառորեն չէր ուզում հասկանալ, որ Ղարաբաղը պատմականորեն հայկական հող է և այնտեղ ապրելու են հայեր, և ինչպես ասում է մեր նախագահը, Ղարաբաղը եղել և մնում է հայկական:
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա պետք է նշեմ, որ Լիտվայում ադրբեջանցիները ցանկացան անցկացնել մի հակահայկական, հակաարցախյան բանաձև, սակայն Հայաստանի պատվիրակության և մեր լիտվացի գործընկերների ջանքերով այդ նախաձեռնությունը երեկ Լիտվայի սեյմում տապալվել է, որովհետև մենք հավատացինք, որ կարող ենք փոխել այդ բանաձևը”:
Էդուարդ Շարմազանովը կոչ արեց գնալ փոփոխությունների, հավատով ու հնչեցրեց ՀՀԿ կարգախոսը.”Հավատանք, որ փոխենք”: