Հեղինե Բիշարյան անուն ազգանունն էլ ոչինչ չէր ասում
“Արթուր Բաղդասարյանը բեմ հրավիրեց աջ եւ ձախ կողմում կանգնած համամասնական ցուցակում գտնվող մարդկանց եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներին: Ցուցակի համամասնության մասին մենք չենք խոսել:
Բեմ հրավիրելը որեւէ կապ չունի հերթականության հետ, ընդամենը հարթակ են հրավիրվել առաջին քսանյակում գտնվող անձանց եւ մեծամասնական թեկնածուներին: Վերեւում հրավիրվածների հերթականությունը որեւէ աղերս չունի իսկական հերթականության հետ”,- Henaran.am-ին ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով կուսակցության նախընտրական ցուցակին:
Հիշեցնենք, որ երեկ կուսակցության տասնհինգամյակին նվիրված միջոցառմանը ցուցակը հրապարակվեց, որտեղ առաջին հնգյակից հետո հանրությանն անծանոթ երիտասարդների անուններ էին:
Մեր այս դիտարկմանը, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, թե մի քանի տարի առաջ հանրությանը ոչինչ չէր ասում Հեղինե Բիշարյան անուն- ազգանունը, այնպես, որ նրանք էլ ճանաչված կդառնան:
ՕԵԿ ցուցակի առաջին հնգյակը Հեղինե Բիշարյանի խոսքով, հետեւյալն է. Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան, Սերգո Կարապետյան, Խաչիկ Հարությունյան:
Հեղինե Բիշարյանը Henaran.am-ին -ին ասաց, որ այսօր գործող գրեթե բոլոր ՕԵԿ-ական պատգամավորները ցուցակում ներառված են, երիտասարդ եւ եվրոպական կրթությամբ անունների հետ միասին: Մեր հարցին, թե ՕԵԿ ստեղծման ակունքներում կանգնած Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը կլինեն արդյոք ցուցակի անցողիկ տեղերում, Հեղինե Բիշարյանը դրական պատասխան տվեց ու նշեց.”Ցուցակը շարժվող է, ես նաեւ գործադիր մարմնի անդամների անուններ թվարկեցի, որոնք անշուշտ կգնան գործադիր, այնպես, որ մեր գործող պատգամավորները անցողիկ տեղերում են”:
ՕԵԿ-ը համամասնական ցուցակը ԿԸՀ կներկայացնի վաղը` մարտի 22-ին: Հեղինե Բիշարյանը համոզմունք հայտնեց, որ ՕԵԿ-ը կկրկնապատկի իր ներկայութունը խորհրդարանում: Նրա խոսքով, Երեւանի ավագանու ընտրությունների դասը հաշվի է առնվել, երբ կուսակցությունը չհատեց անհրաժեշտ շեմը: