ՀՀԿ քարոզարշավը կլինի ներկայանալի եւ կանցնի օրենսդրության շրջանակներում.Շարմազանով
“Անկախ նրանից, ովքեր կիրականացնեն քարոզարշավը, քարոզարշավը կլինի շատ ներկայանալի: Այն կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ այստեղ որեւէ խնդիր լինել չի կարող”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ –ական պաշտոնյաները քարոզարշավը կկազմակերպե՞ն աշխատանքային ժամից հետո, թե արձակուրդ կգնան:
“Մեզ պետք չեն “Պյուռոսյան հաղթանակներ”, մեզ պետք են նորմալ ընտրություններ, մեզ պետք է, որ մենք ապացուցենք, որ մենք կարող են կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ, ինչի համար բոլոր հիմքերը կան: Բնականաբար մի ձեռքը ծափ չի տալիս, եւ ես հուսով եմ, որ ընդդիմությունն էլ կգնա քաղաքակիրթ մրցապայքարի եւ ոչ թե նիհիլիզմի ճանապարհով”,-հավելել է Էդուարդ Շարմազանովը:
Այն հարցին, թե քարոզարշավը կիրականացնի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե այլ ՀՀԿ-ական գործիչներ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.”Կիրականացնենք, կտեսնեք”:
Իսկ հարցին, թե քաղաքական ո՞ր ուժն է ՀՀԿ-ի մրցակիցը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ բոլորն էլ հավասար մրցակիցներ են ու շեշտեց, որ ՀՀԿ-ն ընտրապայքարի է գնում ոչ թե ընդդեմ, այլ հանուն, ինչի մասին, ըստ Էդուարդ Շարմազանովի, խոսում են ՀՀԿ-ի նախորդ եւ ներկա կարգախոսները`”Քեզ համար, Հայաստան”, “Առաջ, Հայաստան” եւ “Հավատանք, որ փոխենք”: