Ոստիկանապետի եղբայրը “թիկնապահներով” է առաջադրվել
Երկու օր առաջ, թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել “Օրինաց երկիր” կուսակցության անդամ, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը: Henaran.am-ի աղբյուրների պատմելով, թեկնածուին փաստաթղթերը հանձնելիս ուղեկցել են ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական գյուղապետեր:
Վերջիներս իրենց “վերադասին” զեկուցել են, որ այդ քայլին են գնացել Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Կառլեն Աբրահամյանի հորդորով: Կառլեն Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շատ լուրջ եւ զգոն մարդ է, “ոնց կարող է նման բան կարգադրել”:
“Ուղղակի իմ անունը շահարկում են, այո, ես Մեղրաշենի գյուղապետի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ եւ բոլոր համայնքների ղեկավարների հետ էլ լավ եմ”,-ասաց նա: Կ. Աբրահամյանի խոսքով չի բացառվում, որ Մեղրաշենի գյուղապետի գործընկերները նրան ուղեկցած լինեն:
“Բայց դա չի նշանակում, որ կարգադրվել է կամ ասվել է նրանց: Որակումներ չտամ, չվիրավորեմ ոչ մեկին: Մեծամասնական ընտրակարգով ոչ մեկին ոչինչ չի ասվելու: Իսկ քանի որ մարզպետը հանրապետական է, ապա օրենքով սահմանված ձեւով քարոզչություն արվելու է”,-ասաց վարչության պետը: Նշենք, որ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել է ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը:
Վերջինս Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրն է, ու դեռ ամիսներ առաջ էին նրանք սկսել ընտրական գործընթացը: Ըստ տեղեկությունների` ոստիկանապետը “նեղել” է բոլորին` ասելով, որ պիտի եղբորը ընտրեն: