Ստյոպա Սաֆարյանն ուզում է ինքը փոխի, Լարիսա Ալավերդյանն` ափսոսում է
Այսօր չորրորդ գումարման ԱԺ-ի վերջին ճեպազրույցների ժամին “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ ոչինչ չի փոխվել եւ չորրորդ գումարման ԱԺ-ն, “սկսվեց եւ ավարտվեց օրինազանցությամբ”:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ այս խորհրդարանում ձևավորվեց և կայացավ ինստիտուցիոնալ ընդդիմությունը` ի դեմ “Ժառանգության”:
“Մենք բարձր նշաձող դրեցինք: “Ժառանգություն”-ը իր տեղերը քառապատկելու է, և մենք իսկապես համակարգային փոփոխությունների հիմքն ենք դնելու”,-հայտարարեց նա ու հավելեց, որ ի տարբերություն մյուսների, իրենք ընտրակաշառք չեն բաժանում եւ կրիմինալ ներկայացուցիչներ չեն ներքաշում, ոչ էլ վարչական ռեսուրս ունեն:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարեց, թե իշխանությունները խոստանում են բերել փոփոխություններ, ինչն իրականացնելու համար թե հնարավորություն են ունեցել, թե ժամանակ: Այս տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ անունակ են փոփոխություններ իրականացնելու:
“Մենք ապացուցել ենք, թե ով է փոփոխություններ բերող քաղաքական ուժը”,-հայտարարեց նա ու հավելեց, որ “Ժառանգությունը” մեծամասնականից սկսած մինչեւ համամասնական ցուցակ տվել է այլընտրանքի հնարավորություն:
“Ժառանագությունն” իսկապես այս ընտրություններում լինելու է ֆավորիտներից մեկը, եթե ոչ ֆավորիտը, պայքարելու է նոր Հայաստանի համար”,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: