Հայաստանը եզակի եւ ուրույն տեղ է զբաղեցնում ֆրանսիական հասարակության համար. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 23-ին այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը հայաստանյան ԲՈւՀ-երի ֆրանսախոս ուսանողների հետ:
Շնորհավորելով ներկաներին հոբելյանի կապակցությամբ`՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա, իսկ վերջին քսան տարիների համատեղ ջանքերով մեզ հաջողվեց նոր դինամիկա հաղորդել փոխհարաբերություններին` հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, կայացել են բազմաթիվ փոխայցելություններ նախագահների մակարդակով, ձեւավորվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ` շուրջ 30 համաձայնագիր է ստորագրվել, սերտ կապեր են հաստատվել խորհրդարանների միջեւ, ընթանում է ընդլայնված ապակենտրոնացված համագործակցություն` գործընկերային պայմանագրեր են կնքվել շուրջ երեսուն մարզերի եւ քաղաքների միջեւ, աճում են տնտեսական փոխգործակցության ծավալները` Հայաստանում 155 ֆրանսիական ընկերություն է գործում, Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական ներդրումներն իրենց ծավալով երկրորդն են, ֆրանսիական կրթական հաստատությունները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Հայաստանի կրթական համակարգում, որի վառ եւ հաջողված օրինակն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, մշակութային կապերը աննախդեպ թափ ստացան 2006-2007 -ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացմամբ, որի շրջանակներում ֆրանսիական շուրջ հարյուր քաղաքներում կազմակերպվեցին 1000-ից ավելի միջոցառումներ:
Քսանամյա հարաբերությունների բարձր մակարդակը խորհրդանշեցին անցյալ տարի տեղի ունեցած Նախագահներ Սարսգյանի եւ Սարկոզիի փոխադրաձ այցելությունները: Այս ենթատեքստում կցանկանայի առանձնացնել ՀՀ Նախագահի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Օլիմպիա սրահում մեր երկու երկրների Նախագահների ներկայությամբ Շառլ Ազանուրի համերգը` նվիրված ՀՀ անկախության եւ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին”:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծեց, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները նույնքան զգայական են, որքան էլ ողջամիտ, իսկ Հայաստանը այն եզակի երկրներից է, որը առանձնակի եւ ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հասարակության մեջ:
Հանդիպման ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պատասխանեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ ուսանողների բազմաթիվ հարցերին:
Արձագանքելով հարցերից մեկին` նախարար Նալբանդյանը նշեց. “Ֆրանսիան այն երկիրն է, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կարեւորագույն դերակատարություն ունեցել եւ ունի արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, Ֆրանսիան այն երկիրն է, որ ապաստան տվեց եւ երկրորդ Հայրենիք դարձավ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մեր հազարավոր հայրենակիցների համար, Ֆրանսիան այն երկիրն է, որն առաջինն օրենքի ուժով ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, Ֆրանսիան այն երկիրն է, որի ժողովուրդը հավատացած է, որ մարդկության դեմ հանցագործությունների հերքումը պետք է պատժվի եւ այս ամենի համար ես ցանկանում եմ մեր խորը երախտագիտությունը հայտնել”: