05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիր դաշտում պայքար է սկսվել հեռացող Տեր-Պետրոսյանի ժառանգությանը տիրանալու համար

Ընդդիմադիր կուսակցությունների խնդիրը պետք է լիներ համաձայնեցված կերպով մեծամասնական թեկնածուներ առաջարկել բոլոր 41 ընտրատեղամասերում, անկախ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, սակայն, այդ խնդիրը լուծել չկարողացան:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը:  Հիշեցնենք, որ “Ժառանգության” առաջնորդի եւ ՀԱԿ ներկայացուցչի` նույն ընտրատարածքում առաջադրվելու եւ միմյանց դեմ պայքարելու հեռանկարի ֆոնին  ՀԱԿ-“Ժառանգություն” հարաբերությունները կրկին լարվել են:

Բացի թիվ 7 ընտրատարածքից, այլ ընտրատարածքներում եւս ընդդիմադիր գործիչները միմյանց դեմ են պայքարելու, օրինակ, թիվ 4-ում` Զարուհի Փոստանջյանն ու Արամ Մանուկյանը: Ընտրատարածքներ կան, որտեղ նաեւ ՀՅԴ-ական թեկնածուներն են խաղի մեջ մտնում:

“Սա խոսում է մի բանի մասին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ընտրություններին մոտեցան հանպատրաստից, այսինքն, թեկնածուներն առաջադրվում են առանց  իրենց ռեալ հնարավորությունները գնահատելու եւ ընտրատարածքի ռեալ վիճակը հաշվի առնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետն ու հավելեց.

”7-րդ ընտրատարածքում երկու ընդդիմադիր թեկնածուներն առաջադրվել են բավականին մեծ ազդեցություն ունեցող իշխանության թեկնածուի դեմ, որը մի քանի անգամ այդ ընտրատարածքից պատգամավոր է դարձել եւ որեւէ մեկը չի վիճարկի, որ այդ ընտրատարածքում նա ունի կազմակերպչական եւ քաղաքական մեծ ռեսուրսներ:

Ակնհայտ է, որ եթե նրա դեմ երկու ընդդիմադիր թեկնածու է առաջադրվում, այդ թեկնածուները դատապարտված են ձախողման: Նույնիսկ մեկ ընդդիմադիր թեկնածուի առաջադրման պարագայում Ալեքսանյանի` հաղթելու հնարավորությունները մեծ են, էլ ուր մնաց երկու թեկնածուի պարագայում”:

Այս իրավիճակը Սուրեն Սուրենյանցի խոսքով, ընդդիմության` ինստիտուցիոնալ չկայացվածության հետեւանք է: Մեր հարցին, թե արդյոք ընդդիմության ներսում պայքար գոյություն չունի, ինչը հերթական անգամ դրսեւորվում է, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.

”Ընդդիմության ներսում պայքար կա: Ի վերջո, բոլորը հասկանում են, որ այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզից հեռանալու է եւ ընդդիմադիր դաշտում պայքար է սկսել “գլխավոր ընդդիմադիր”-ի  տիտղոսին կամ Տեր-Պետրոսյանի ժառանգությանը տիրանալու համար’’: Քաղաքագետը նկատեց, որ այս պատճառով ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա տեղի չի ունենում:

Ինչ վերաբերում է իշխանական ուժերին, Սուրեն Սուրենյանցն այստեղ եւս հակասություններ է տեսնում: “Ակնհայտ է, որ իր երկրորդ կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանը փորձելու է ստեղծել եւ իշխանության նոր համակարգ եւ իշխանության տարբեր կուսակցություններ փորձում են հնարավորինս ներկայացված լինել այդ նոր համակարգում”:

Քաղաքագետը նկատեց, որ  ԲՀԿ-ն փորձում է դիմադրել մոնոլիտ իշխանություն ձեւավորելու ՀՀԿ-ի մղումներին: Անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, քաղաքագետը նշեց.”ԲՀԿ-ն  ընդդիմադիր կեցվածք ունի իշխանության ներսում եւ այն երբեք չի բերելու  իշխանության կազմաքանդմանը: Իրենք ընդդիմություն են համակարգի ներսում”:  Թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում առկա հակասությունները քաղաքագետը բնական է համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ