22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտպանը գնահատել է ՀՀ ԶՈՒ ընդհանուր վիճակը

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակել է պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու դրական զարգացումները:

Առկա խնդիրներից են.

Զինված ուժերում մահվան դեպքերի որոշ մասը պայմանավորված է եղել ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում ծագող խնդիրներով եւ դրանց կանխման ուղղությամբ սպայական կազմի կողմից ձեռնարկվող միջոցների ոչ բավարար արդյունավետությամբ:

ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել, զինվորական ծառայութան անցնելու մասին պայմանագիրը լուծել վաղաժամկետ, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է, իսկ որոշ դեպքերում սպաների նկատմամբ դրսեւորվել է տարբերակված մոտեցում:
Առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած անձանց տարկետման ժամկետից շուտ պարտադրվել է ներկայանալ կրկնակի փորձաքննության:Ժամկետային զինծառայողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ որեւէ կարգապահական տույժ չունեցող զինծառայողներ` օրենքով սահմանված ծառայության 24 ամիսը լրանալուց հետո չեն զորացրվել, ինչը պատճառաբանվել է օրենքից չբխող տարբեր հիմնավորումներով:

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի  (ԿՌԲՀ) որոշումներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել եւ ՀՀ զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել են 500 ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներ: Նման թվաքանակով վաղաժամկետ զորացրելու փաստը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը զինկոմիսարիատներին չի հաջողվել:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացվել է բնակչությանը մոտ վայրի զորամասում ծառայություն անցնելու մի շարք պայմանների ու չափանիշների անհստակության պարագայում, իսկ որոշ դեպքերում թույլ են տրվել այդ պայմանների խախտումներ:

Պարտադիր ժամկետային զինծառայողներին ՀՀ կենտրոնական եւ կայազորային զինվորական դատախազություններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նմանատիպ կառույցներում պարտադիր զինվորական ծառայության առկայությունը ընդունելի չէ:

Պաշտպանության նախարարության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն եղանակներով հարստացման կանխմանն ուղղված նախարարության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել: Կոռուպցիոն նման դրսեւորումների առկայությունը էականորեն վտանգում է նախարարության գործունեության արդյունավետությունը եւ նպաստում տվյալ մարմնի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների աճին:

Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումներն են.

2011թ. ընթացքում ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, եւ դրանք ստացել են դրական լուծում, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվել եւ վերակառուցվել են մոտ 5 բնակելի շենքեր, որի արդյունքում մոտ 210 զինծառայողներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, որից Երեւան քաղաքում՝ մոտ 90 զինծառայող, իսկ մարզերում՝ մոտ 120 զինծառայող:

Ըստ պաշտոնական տվյալների, ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատու­թյամբ, էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպ­քերը:

Վերանորոգվել, հիմնանորոգվել են մի շարք զորամասերի զորանոցներ, բուժկե­տեր, ճաշարանային մասնաշենքեր եւ այլն, որոնք համապատասխանեցվել են տի­պային շինություններին:

2011թ. ոչ կանոնադրային հարաբերությունները բացառելու նպատակով ՀՀ պաշտ­պանության նախարարի կողմից մշակվել եւ զորքեր են առաքվել ‘Հրամանատարը զինվորի ավագ ընկեր’ հատուկ ուղերձը, ‘Հայոց բանակի մարտական ոգու եւ զգոնության կտրուկ բարձրացմանն ուղղված’, ‘Զինվո­րական կարգապահության կտրուկ բարձրացմանն ուղղված’, ‘Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված’ մեթոդական ցուցումները, զորամասերում տարվել են բացատրական աշխատանքներ, իրականացվել են քննարկումներ ստորաբաժանումների անձնակազմի եւ հրամանատարների մասնակցությամբ, ինչպես նաեւ կազմվել եւ զորքեր է առաքվել ‘Զինվորական ենթակայության կարգի եւ ծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները’ մեթոդական ուղեցույցը եւ այլն:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվո­րական դատախազի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ կայացած աշխատան­քային հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ:

Նախորդ տարվա ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ թարգմանվել է ‘Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմանարար ազատությունների մասին’ ձեռնարկը եւ կազմվել է ‘Զինված ուժերում մարդու իրավունքները’ դասընթացի ծրագիր: Նախքան  զինված ուժերում եւ ռազմաուսումնական հաստատություններում այդ դասընթացի ներդրումը, ԵԱՀԿ օժանդակությամբ ՀՀ ՊՆ բոլոր զորամիավորումներում եւ ռազմաուսումնական հաստատություններում անցկացվել են զինված ուժերում մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության վերաբերյալ ճանաչողական բնույթի դասախոսություններ, որոնց մասնակցել են զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, իրավաբաններ եւ այլ անձինք:

Դարձյալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ նախապատրաստվել է ‘Առաջնորդությունը Զինված ուժերում’ դասագիրք֊-ձեռնարկի նախագիծ, որն ուղղված է զինված ուժերում անձնակազմի միջեւ փոխհարաբերությունների բարելավմանը, ղեկավարման եւ կառավարման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը եւ ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանը: ՀՀ պաշտպանության նախարարության  եւ Զինված ուժերի գերագույն շտաբի համապատասխան ծառայությունների կողմից դասագիրքն ուսումնասիրվելուց հետո քայլեր կձեռնարկվեն համանուն դասընթացի ներդրման ուղղությամբ:

Պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ եւ հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր եւ ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին:

Կառուցողական համագործակցություն է ծավալվել Պաշտպանության նախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ, բողոքների քննարկման, առկա խնդիրների լուծման եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ