Նախագահականում կոալիցիոն նիստ է եղել. Ծառուկյանը` “նախագահ ջանով”. “Irates de facto”
Թերթը գրում է, որ մարտի 22-ի երեկոյան, նախագահականում տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցությունների նիստ, որին մասնակցել են կուսակցության լիդերները (Արթուր Բաղդասարյանը “միջազգային” հյուրեր ունենալու պատճառով չի մասնակցել, նրան փոխարինել է Արմեն Երիցյանը) և շտաբի պետերը:
Ուժայիններից՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս ներկայացրել է առաջադրումների ընդհանուր պատկերը` համամասնական, մեծամասնական ընտրակարգերով, փաստել, որ ամենահետաքրքիր մեծամասնական “պեյզաժն” ստացվել է թիվ 7 ընտրատարածքում, ուր առաջադրվել են Նիկոլը, Սամվելը Ալեքսանյանը և Րաֆֆին. ներկաներն ուշի ուշով սպասել են, տեսնեն` Սերժ Սարգսյանն ինչ է ասում այս առնչությամբ. վերջինս օլիմպիական և շախմատային լռությամբ ընդամենը գլխով է արել:
Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հրահանգել է ուժայիններին` նախընտրական-քարոզչական ողջ փուլի ընթացքում անել ամեն ինչ` պատշաճ, ինչու չէ` ազատ-արդար ընտրություններ ապահովելու համար. պահել օրենքի տառը, բացարձակապես չխառնվել ընտրական գործընթացներին, խաղաղ մթնոլորտ ապահովել, դույզն-ինչ լարվածություն չստեղծել, բացառել երկակի ստանդարտների կիրառումը, որպես օրինակ մատնանշել Սուքիասյանի ու Մադաթյանի գրանցումները, պահանջել է հետևողական լինել բոլոր բողոքների նկատմամբ, ընտրողների ցուցակների մասով ամեն ինչ անել “չոտկի”, որևէ դժգոհության առիթ չտալ:
Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է` ե՞րբ են վերջնական ցուցակներն առանց փոփոխության կախված լինելու պատերից, Մուկուչյանն ասել է` ընտրություններից երկու օր առաջ:
Ապա լսել են ուժայիններին: Գորիկ Հակոբյանը համարյա բան չի ասել: Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ դատախազների աշխատանքային խումբ է ստեղծվելու բոլոր կարգի ընտրախախտումներն օպերատիվ ուսումնասիրելու համար, սեմինարներ են անցկացնում ընտրական թեմաներով և այդպես շարունակ:
Վովան տեղեկացրել է, որ իր մոտ ամեն ինչ “չոտկի” է: Կոալիցիոներներից Գագոն` Ծառուկյանն, այդ ընթացքում ևս մեկ անգամ նկատել է, որ Սերժ Սարգսյանը “նախագահ ջան” է, մինչ նրա գալն էլ հարկ է համարել արձանագրել բոլորի մոտ, որ “նախագահը” ոչ միայն “ջան” է, այլև իր “լավ ընկերը”: