ՄԻՊ-ը շտապել է
Ոստիկանությունը պարզաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունը, ըստ որի ոստիկանությունը համաձայ է ՄԻՊ դիտողությունների հետ, որոնք արվե են ոլորտն ուսումնասիրելու արդյունքում: Ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ ՀՀ ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված բացթողումներն ընդունելու կամ պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել: Զեկույցում նշված հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է և ՀՀ ոստիկանությունը դրանց վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Ինչ վերաբերում է պաշտպանի աշխատակազմի պատասխանում նշված՝ փաստացի բնակության վայրում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքին, ապա ոստիկանությունը պարզաբանում է հետևյալը:
“Փաստացի հաշվառման հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե: Փաստացի հաշվառումների տարբերությունը միայն այն է,որ բնակիչը չունի բնակելի տարածությունում բնակվելու իրավաբանական իրավունք: Բնակչության պետական ռեգիստրում ըստ մշտական բնակության վայրի հաշվառումն իրականացվում է տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա, իսկ փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառումը` քաղաքացու դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգելու վերաբերյալ անձնագրային ծառայությունից ՀՀ ոստիկանության տարածքային բաժին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա, որով կամ փաստվում, կամ հերքվում է տվյալ հասցեում քաղաքացու բնակվելու հանգամանքը:
Անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում պահանջելն իրավաչափ է, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման և անձնագիր տալու գործողությունները քաղաքացու համար առաջացնում են միևնույն փաստական հետևանքները: Այսինքն՝ դրանց միջև բովանդակային տարբերություն գոյություն չունի”: