25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստորագրվել է առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը

 “Լրագրողներ հանուն ապագայի” հասարակական կազմակերպությունը պատրաստել է “Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգ”, որի առաջին բաց քննարկումը տեղի ունեցավ մարտի 30-ից ապրիլի 1-ը Աղվերանում ԼՀԱ-ի կողմից կազմակերպված “Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում” խորագրով դասընթացի ժամանակ: Կանոնակարգը որոշ խմբագրումներից հետո` ապրիլի 1-ին, ստորագրվեց մասնակից 18 լրագրողների կողմից:

Ըստ ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի` “Առցանց լրագրողի էթիկայի կանոնակարգը” պատրաստվել է կազմակերպության հետ համագործակցող լրագրողների մասնակցությամբ` ընդհանուր աշխատանքային մոտեցումներ ձեւավորելու համար, բայց այն կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին, ով ցանկանում է տարբերակել համացանցում առկա իրական եւ որակյալ հրապարակողներին կեղծ եւ ոչ հավաստի տեղեկություններ տարածողներից:

“Մենք կարեւորում ենք մեր գործընկերների ներդրումը փաստաթղթի բարելավման գործում եւ առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հանդես գալ առաջարկություններով եւ մեկնաբանություններով”,- նշում է Դեհերյանը:

“Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում” խորագրով դասընթացը կազմակերպվել է “Իրազեկ ընտրող” ծրագրի շրջանակներում  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ու ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացմանը` աջակցելով ՀՀ մարզային ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ ընտրություններին ակտիվ մասնակցությանը:

Եռօրյա դասըթնացի օրերին մասնակիցներին ներկայացվեցին “Ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները”, “Լրագրողի էթիկան, իրավունքներն ու պարտականությունները ընտրությունների ժամանակ”, “Ընտրական գործընթացների իրավական կարգավորումը” եւ այլ թեմաներ:  Դասընթացի մասնակիցներից Գագիկ Աղբալյանը, ով “Հայկական ժամանակ” օրաթերթի` Տավուշի մարզային թղթակիցն է, հետաքրքրված է ընտրությունների ժամանակ լրագրողների իրավունքներով:

“Լրագրողներս շատ ենք սիրում խոսել իրավունքներից, փորձում ենք ապացուցել ինչ-որ բաներ եւ երբեմն խախտում ենք այդ սահմանը, – ասում է Գագիկը եւ ավելացնում, – ընտրողն ու ընտրվողը նույնպես ունեն իրենց իրավունքները, եւ լրագրողները չպետք է հատեն այդ սահմանը: Շատ կարեւոր էր դասընթացավարի տված գիտելիքները”:

Գագիկի հետ համաձայն է դասընթացի մասնակից միակ քաղաքացիական լրագրող գյումրեցի Արսեն Վարդանյանը, որ ԱԺ ընտրություններին կմասնակցի ոչ միայն որպես ընտրող, այլ նաեւ լուսաբանող անձնական բլոգի եւ սոցիալական ցանցերի միջոցով:

“Խաբված ընտրազանգվածը օր օրի կավելանա Գյումրիում, քանի որ ԶԼՄ-ները թերի են աշխատում եւ ներկայացնում են միայն մամլո հաղորդագրությունների կամ ասուլիսների հիման վրա տեղեկություններ: Բայց մեկը չկա, որ ցույց տա թե այդ հաղորդագրությունը իրականության հետ ինչ կապ ունի”,- ասում է Արսենը:  Իսկ դասընթացի վերաբերյալ Արսենը կարեւորեց ոչ միայն տրամադրած գիտելիքներն, այլ նաեւ շփումը փորձ ունեցող մարդկանց հետ:

Մասնակիցներին նաեւ բաժանվեց թեմատիկ գրականություն, որը տրամադրել էին ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Մամուլի աջակցության “Ինտերնյուս” կազմակերպությունը: “Իրազեկ ընտրող”  ծրագրի շրջանակներում պատրաստվում է Ditaket.am մարզային լրատվական հարթակ եւ Irazek.am ընտրական կարգի մասին պատմող ինտերակտիվ հարթակը, որոնք մոտ օրերս հասանելի կլինեն առցանց հարթակում:

 

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ