25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Շաբոյանը դժգոհ

Ընդամենը 4 պետական մարմիններից ենք ստացել արձագանք ՄԻՊ զեկույցի հետ կապված: Ամենակառուցողական ու բովանդակալից արձագանքը եղել է ոստիկանության կողմից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` խոսելով պետական մարմինների կողմից ստացած այն արձագանքների մասին, որոնք եղել են 2011թ ՄԻՊ գործունեության եւ մարդու իրավունքների վիճակի հետ կապված տարեկան զեկույցի հրապարակումից հետո:

Նրա խոսքով` ոստիկանությունը ՄԻՊ զեկույցում արծարծված խնդրի հետ կապված ընդունել է , որ այդ խնդիրը կա, եւ  շուտով կլինի օրենսդրական փոփոխություն:

‘Ինչ վերաբերում է անձին անձնագիր տրամադրելու հետ կապված ուշացումներին, իրենք չեն ուզում ընդունել, որ եթե մարդը մշտական հաշվառում չունի, գնում է անձնագիր ստանալու, խնդիրներ չպետք է առաջանան եւ անձնագիրը չպետք է ուշացումով տրվի քաղաքացուն’,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով դատախազության արձագանքին` կալանքը որպես խափանման միակ միջոց  չընտրելու մասին, ապա Պաշտպանի խոսքով` եղել է կարճ մեկնաբանություն, թե օրինակներ չկան:’Այն որ համատարած կիրառվում է կալանքը որպես խափանման միակ միջոց, բոլորս գիտենք, էլ ինչ օրինակներ են պետք իրենց: Հուսով ենք` դատախազությունը վեր կկանգնի զեկույցի մեջ թերացումներ փնտրելու երեւույթից եւ կքննարկի մեր զեկույցը’,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արձագանքին, թե Պաշտպանը ոչ մասնագիտական կարծիքներ է արտահայտել, Կարեն Անդրեասյանը դեռ չի հասկանում` այդպես է որակվել, որպեսզի հաշվի չառնեն զեկույցում արձանագրված թերությունները ԿԳՆ-ի աշխատանքների վերաբերյա՞լ, թե՞ այդպիսի որակում է տրվել Պաշտպանին գնահատական տալու  համար:

‘Ամեն դեպքում մենք պարոն Աշոտյանից ակնկալում ենք համագործակցություն բարձրացված լուրջ խնդիրների մասին, որոնց մասին, վստահ եմ գիտի նաեւ Կրթության նախարարությունը’,- ասաց Պաշտպանը:

Նրա խոսքով` ամենատարօրինակ եւ անընդունելի արձագանքը եղել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից,  ով տարակուսել է այն հարցի հետ կապված, որ ՄԻՊ  զեկույցում ասվել էր, թե  ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում ամբողջական չէ տեղեկատվությունը: Կարեն Անդրեասյանը բոլորին կոչ արեց մտնել ՏՄՊՊՀ պաշտոնական կայքի վերլուծություններ բաժինը, եւ տեսնել, որ այնտեղ ոչինչ տեղադրված չէ:

‘Բոլորս գիտենք, որ տնտեսության մեջ դեռ կան մենաշնորհներ, եւ մեր զեկույցին գնահատական տալ, որ այն որ պրոֆեսիոնալ չէ, կամ սխալ ենք անում, որ բարձրացնում ենք խնդիրներ, ինձ համար տարակուսելի է’,- ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ տարակարծություն էր առաջացել նաեւ ‘Ալեքս Գրիգ’ ընկերության հետ կապված:

Պաշտպանը ներկայացրեց խնդիրը. ՏՄՊՊՀ-ն իսկապես տուգանել է այդ ընկերությանը, վերջինս էլ բողոքարկել է հանձնաժողովի որոշումը դատարանում:

‘Օրենքն ասում է, որ դատարան բողոքարկելու դեպքում դա չի կասեցնում որոշման կատարումը, այսինք եթե դու ունես կեղծ օղի, դու պետք է շուկայից հանես դրանք, ոչ թե բողոքարկես դատարան եւ շարունակես պահել այդ կեղծ օղիները մինչեւ ասենք երկու տարի կտեւի այդ քաշքշուկը’,- ընդգծեց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ եթե հանձնաժողովը կայացնում է որոշումը, անկախ բողոքարկելու պայմանից, տնտեսվարողը պարտավոր է  ենթարկվել որոշմանը, եթե չի ենթարկվում, հանձնաժողովը կարող է այդ ընկերությանը դարձյալ տուգանել:

‘Այսինքն հանձնաժողովը մեկ անգամ տուգանել է այդ ընկերությանը, դրանով դրական իմիջ ձեռք բերել, որից հետո գործողություններ չկան, որ այդ օղին դուրս գա շուկայից, եթե այն իսկապես կեղծ է’,- կարծիք հայտնեց Պաշտպանը` տարակուսելով` ‘ուրեմն ինչո՞ւ է պարոն Շաբոյանը դժգոհ մեր զեկույցից’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ