27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության եւ մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:
Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ եւ հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ:
Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:

Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երեւում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, եւ ասում.
“Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ” (Ղուկ. 24 4-9):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց:
Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ եւ կենսատու լուրն է, որ տարածվում է մինչեւ այսօր աշխարհի չորս կողմերում:
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաեւ Զ Ա Տ Ի Կ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության եւ փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծու խնամածությամբ եւ Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի եւ մահվան երկրից դուրս գալը, զատվելը եւ դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության:“Քրիստոսը՝ մեր Զատիկը, մորթվեց”,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. Ե 7):
Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին՝ իբրեւ Գառն Աստծու, իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց եւ երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին:
Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ, Քրիստոսի հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի եւ մահվան տիրակալությունից, խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:
Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ եւ Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:“Ես եմ հարություն եւ կյանք. ով հավատում է Ինձ, թեպետեւ մեռնի, կապրի” (Հովհ. ԺԱ 25): Փրկչի խաչելությամբ եւ հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի եւ վարդապետության հիմքը.“Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոսը հարություն չի առել: Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը” (Ա Կորնթ. ԺԵ 13-14):
Այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, իր հետ հարություն տվեց նաեւ մեր՝ մեղքերի ու մահվան մեջ ընկած մարդկային բնությանը: Այսօր Քրիստոսը խորտակեց մահն ու խափանեց ապականությունը:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում:
Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Սուրբ Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. “Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, “դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, եւ սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է”: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը”:
Քրիստոսը հարություն առավ մեռելներից,
Իր մահվամբ մահը խորտակեց,
Եվ իր հարությամբ մեզ կյանք պարգեւեց.
Նրան փառք հավիտյանս: Ամեն:

Այսօր պետք է իրար ողջունել Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի ձեւերով:

 Նյութը http://ter-hambardzum.do.am/ կայքի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ