ԿԸՀ-ն վերանայել է որոշ պատգամավորի թեկնածուների գրանցումները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լեւոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք) գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաեւ ‘Օրինաց Երկիր’ կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաեւ` ‘ժառանգություն’ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի եւ Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ‘Կենտրոն’վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաեւ թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մալիկ Թելունցի դիմումները:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է ‘Մարտունու կանանց համայնքային խորհուրդ’ եւ ‘Կաղնի’ սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Henaran.am-ին հաղորդում են ԿԸՀ լրատվական ծառայությունից