Կիրակի օրը թաղելու են օլիգարխներին
Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.
‘Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը, ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան:
Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի եւ էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական հոգեհանգիստը, ապա ժամը 13:00-ին տեղի կունենա թաղման թափորի երթ, որը կսկսվի Մաշտոցի պուրակից, ապա կուղղվի Մաշտոցի պողոտայով դեպի Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոց եւ կավարտվի Մաշտոցի պուրակում: Ժամը 14:00-ին պուրակում տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:
Հայաստանի ողջ ինքնորոշված ժողովուրդը տոնում է օլիգարխիայի մահը:
Այլեւս երբեք նա չի վայելի իր մենաշնորհը,
այլեւս երբեք նա բարեգործություն չի անի չվճարված հարկերով,
այլեւս երբեք նա բուծիկներ չի կառուցի մեր այգիներում,
այլեւս երբեք մենք չենք տեսնի նրա անպատժելիությունը:
Օլիգարխիայի մահով մենք հրաժեշտ ենք տալիս տգիտությանը, անպատժելիությանը, անօրինականությանը, հակասահմանադրականությանը, կոռուպցիային, ստախոսությանը, հանցավորությանը, ազգային հարստության թալանին…’:
Henaran.am-ին հաղորդում են ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից