Եթե Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը որոշեն գաղթել, Սերժ Սարգսյանը վերադառնա Արցախ
Հայաստանում ժողովրդավարություն է նկատվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Իր համոզմունքը սոցիոլոգը բացատրեց նրանով, որ Հայաստանում ընտրողների մոտ կեսը պահպանողական զանգված են, որոնք հստակ գիտեն, թե ում են ընտրելու, եւ նրանց վերավաճառել, վերափոխել հնարավոր չէ:
‘’Դա մեծ նվաճում է, որ Հայաստանում կա նման զանգված: Այդ մարդկանց ձայները վճռական նշանակություն ունեն, ահա ինչու ես համարում եմ, որ Հայաստանում կա ժողովրդավարություն’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ կան մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, որոնք եթե ոչինչ էլ չանեն, միեւնույն է անցնելու են, քանի որ ունեն այդ պահպանողական ընտրողների մեծ մասի աջակցությունը:
Ընդհանրացնելով իր դիտարկումները, սոցիոլոգը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը եւ ԲՀԿ-ն պահպանելով իրենց դիրքերը` կանցնեն խորհրդարան:
‘’Երրորդ տեղի համար լուրջ պայքար է գնում ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Իսկ ‘’Ժառանգությունը’’ պայքարից դուրս կընկնի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները արեւմտյան գործիչների հետ անարդյունավետ անցնեն’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը հավելելով, որ դժգոհության ալիքի վրա Հայաստանում հնարավոր չէ գալ իշխանության, քանի որ ունեւորը ունի ազդեցության ավելի մեծ շրջանակ, քան կիսագրագետ ընչազուրկը:
Ադիբեկյանը նկատեց նաեւ, որ Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորվել են կուսակցություններ, որոնք ինքնուրույն են եւ գրպանային չեն:
‘’Վաղը եթե Գագիկ Ծառուկյանը որոշի գաղթել արտասահման, ԲՀԿ-ն կփլվի, եթե Արթուր Բաղդասարյանը որոշի գաղթել Ֆրանսիա, ՕԵԿ-ը կփլվի, իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշի վերադառնալ Արցախ, ՀՀԿ-ն չի փլվի, քանի որ այն բավականաչափ ինքնուրույնություն ունի եւ իր կյանքով կարող է ապրել’’,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը: