ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ գիտխորհրդի նիստը հետաձգվել է: Համալսարանի գիտխորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի 9 չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը քննարկելու:
Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի` գիտական խորհրդի համաձայնությամբ, այսօր` ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին պետք է կայանար գիտխորհրդի արտահերթ նիստը, սակայն, ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը հրահանգել է այն հետաձգել:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: