20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին.Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը

Այսօր Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ)-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Եվրոպա-Հայաստան խորհուրդը ողջ Եվրամիության եւ միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաեւ ընդդիմության, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի եւ նրա ժողովրդի համար:

Այս ընտրություններն ավելին են, քան նոր խորհրդարանական ներկայացուցիչներ ընտրելու օր: Դրանք ազգային կարեւորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ եւ ոչ ժողովրդավարական ձեւով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում երբ լավ կազմակերպված եւ ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն ողջ երկիրը եւ աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռնեն:

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին եւ ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետեւելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել եւ ոստիկանության եւ դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ եւ ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցիացման համաձայնագրի շուրջ: Ներկայումս պատրաստման փուլում է Արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ եւ, ինչն առավել էական է, Խորը եւ համպարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններն են արդեն սկսվել: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ եւ դեպի իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառնալու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես եւ դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այս բոլոր դրական քայլերը իսկապես կիրականացվեն, եւ չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել:

Հայաստանը դեռեւս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած եւ հետեւաբար ուժեղ եւ փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարեւան Ադրբեջանի սպառնալից եւ սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է եւ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ եւ դրական քայլ էր, եւ մինչդեռ գնդակը դեռ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերականգնվի: Տնտեսապես միջազգային ճգնաժամը հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան եւ գնաճը անցյալի ակնհայտ սխալներն էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու եւ Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ:

Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի եւ նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել եւ, ամենից գլխավորը,  քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան եւ օգնում են կանխել խարդախության փորձերը: Որոշ հայերի առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն  ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. ԲՈԼՈՐ ընտանիքները եւ համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության եւ հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, եւ դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի:

Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջեւ: Մենք` ՀԵԽ-ը եւ Եվրոպան առհասարակ, կհետեւենք Հայաստանին եւ կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ’:

Henaran.am-ին հաղորդում են Եվրոպա-Հայաստան խորհրդի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ