“Դոդի Էդոյի” կողմից ծեծի ենթարկված 37-ամյա տղամարդուն ոչ մի հիվանդանոցում չեն ընդունել
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, ուսումնասիրվում է “Դոդի Էդոյի” կողմից անմեղ վարորդին ծեծի ենթարկելու մասին մամուլում հրապարկված լուրը: Հիշեցնենք, որ “Ժամանակ “ օրաթերթը նշել էր, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահը ծեծել է Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի, ով չի ենթարկվել եւ մեքենան կանգառից դուրս չի հանել:
Henaran.am-ին հաջողվեց ճշտել, որ ծեծվողը 37-ամյա Արկադի Գրիգորյանն է: Նախ, նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են “Նաիրի” բժշկական կենտրոն: Այստեղից Henaran.am-ին տեղեկացրին, որ նման անուն ազգանունով հիվանդ չեն ընդունել: Ըստ փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանի, շատ հաճախ “Նաիրի” բժշկական կենտրոնը շփոթում են շտապօգնության 3-րդ հիվանդանոցի հետ: “Նաիրի”-ի փոխտնօրենը խորհուրդ տվեց այնտեղ փնտրել մեր ուզած մարդուն:
Մինչ այս տեղեկությունը հիվանդանոցից կճշտեինք, լուր ստացանք, որ Արկադի Գրիգորյանին ինչ-որ մեկի հրահանգով ոչ մի բուժհաստատություն չեն ընդունել եւ ասելով` թող տանը պառկի եւ անհրաժեշտ անվճար բուժումը կստանա: Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ տուժածի հետ, սակայն նրա բջջային հեռախոսը անհասանելի է: