Ոստիկանությունը ‘Ժառանգությունից’ խնդրում է տրամադրել թեկուզ մեկ փաստ
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ‘Ժառանգություն’ կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան բնակարանների հասցեներում: Ըստ ‘Ժառանգության’ գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական եւ ժամանակավոր ցուցակների հետ իրականացված ‘մանիպուլյացիաներն’ ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը:
ՀՀ ոստիկանությունը անհիմն է որակում տարածված տեղեկատվությունը:
Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է ‘Բնակչության պետական ռեգիստրի մասին’ ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին ‘ժամանակավոր գրանցման’ իրավունք չեն վերապահում:
Թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան: Բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ: Ընդ որում, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները քվեարկության օրվանից երկու օր առաջ հրապարակվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ՀՀ ոստիկանության համացանցային կայքերում` համապատասխանաբար որոնման եւ ներբեռնման հնարավորություններով:
Քվեարկության օրը ստացվել է ընտրացուցակների անճշտության վերաբերյալ ընդամենը մեկ հավաստի հաղորդում, որը չի վերաբերվել միեւնույն անձի` տարբեր ցուցակներում միաժամանակյա ընդգրկված լինելուն:
ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ցանկացած ահազանգի արագ եւ օպերատիվ արձագանքելու իր գործելաոճին՝ ‘Ժառանգության’ կուսակցությանը կոչ է անում տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ թեկուզ մեկ փաստ, եթե դրան, իհարկե, տիրապետում է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից