Ծառուկյանի թիկնազորի պետին կանչել են ոստիկանություն
Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որ ծեծել էր Արկադի Գրիգորյանին կանչվել է ոստիկանություն` հարցաքննության:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ըստ շրջանառավող լուրերի, Էդուարդ Բաբայանը բռնություն է կիրառել Ա. Գրիգորյանի նկատմամբ, քանի որ վերջինս չի ենթարկվել Բաբայանին եւ մեքենան չի հանել կայանած տեղից:
Չնայած Արկադի Գրիգորյանին ծեծողները պահանջել էին լռի ու չբողոքի, սակայն աբովյանցիները “շուխուր” արեցին: Ինքը Գրիգորյանը հրաժարվում է խոսել` ասելով, որ թեման փակված է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է շատ արագ բացահայտել միջադեպի շարժառիթները եւ գտնել մեղավորներին: Ոստիկանությունը տուժածին տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Որոշ տեղեկությունների համաձայն, Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին: Ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ միջադեպի առիթով գործեր են նախապատրաստվում, դեռեւս քրեական գործ չի հարուցվել: