Ադրբեջանցիները տառապում են երկակի բարդույթով
Մայիսի 9-ին Պրահայի Օլշանսկի գերեզմենատան Անհայտ զինվորի հուշահամալիրում տեղի ունեցավ Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին Չեխիայի նախագահի վարչակազմի, խորհրդարանի եւ կառավարության բարձրաստիճան ղեկավարներ, զինվորականներ, ինչպես նաեւ Չեխիայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ:
Հետաքրքրական է, որ արդեն երկու տարի անընդմեջ այս միջոցառմանը հրաժարվում է մասնակցել Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունը: Ըստ երեւույթին ադրբեջանական կողմն այս հարցում նույնպես տառապում է երկակի բարդույթով: Նախ, որ հայերն այս օրերին տոնում են Շուշիի ազատագրումը եւ Արցախի բանակի կազմավորումը, եւ երկրորդ, ըստ որոշ աղբյուրների նրանց չի գոհացրել այն հանգամանքը, որ լատինական այբուբենի համաձայն հուշարձանին ծաղկեպսակ պետք է դնեն նախ հայերը, հետո իրենք:
Ամեն դեպքում Հայաստանի դեսպանի եւ հյուպատոսի կողմից ծաղկեպսակի զետեղումից հետո, հնչեց Հայաստանի օրհներգը: Այս կապակցությամբ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ասել է. “Այսօր ոչ միայն տոնում ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմում նախկին խորհրդային ժողովուրդների տարած մեծ հաղթանակը, այլեւ Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպնության բանակի կազմավորման 20-ամյակները: Հին ու նոր հաղթանակները տոնում ենք նույն զգացումով ու հպարտությամբ”: