Հովանավորված անտերություն
Հայկական հուշարձանների քայքայումը հովանավորված է, եւ երբ անտերությունը հովանավորված է, երկրաշարժ լինի, թե հորդառատ անձրեւ, հուշարձանները չեն դիմանա: Այսօր այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու քայքայումը:
Հիշեցնենք, որ դեռ երեկ հայկական ԶԼՄ-ները ահազանգեցին այն մասին, որ հորդառատ անձրեւների արդյունքում ավիրվել է Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը: Փլատակները թափվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տան վրա` քանդելով պատերից մեկը:
Նշենք, որ եկեղեցին երկար ժամանակ չէր գործում: Նրա պատկանելիությունը վիճարկվում էր հայկական եւ վրացական եկեղեցիների կողմից: 2012-ի հունվարին եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով փլվել էր եկեղեցու սյուներից մեկը: Այդ ժամանակ պատրաիրքարանը եւ մայրաքաղաքային իշխանությունները հայտարարել են, որ այդ պահին ժամանակը չէ եկեղեցու պատկանելիության հարցը որոշելը եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանի պահպանման համար:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքը վերագրում է վերջերս տեղի ունեցած երկրաշարժին:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հարց է ուղղում.’’Երբ նայում ենք Թիֆլիսի համայնապատկերին, ինչպես է, որ աղետները Թիֆլիսի համայնապատկերից ջնջում են միայն հայկական հուշարձանները: Ամեն ինչ պարզ է, քանի որ հայկական հուշարձանները գտնվում են ծայրահեղ քայքայված վիճակում’’:
Ըստ հուշարձանագետի, այն հայկական հուշարձանները, որոնք վրացականացվել են, նրանց վտանգ չի սպառնում, քանի որ նորոգված են, ամրակայված, այլ կերպ ասած` քանի որ վրացականացված են, ուրեմն խնամք կա:Եվ հակառակը, այն եկեղեցիները որոնք չեն վրացականացվել, օրհասական վիճակում են գտնվում:
‘’Այդ եկեղեցիների փրկությունը այն կլինի, որ դրանք վերադարձվեն հայկական Առաքելական եկեղեցուն, թե դրանք կվերականգնենք, թե գործող կդարձնենք, այդ դեպքում որոշումը հայկական կողմը կկայացնի, ոչ թե մատնենք անտերության’’,- ասաց հուշարձանագետը` հավելելով, որ Առաքելական եկեղեցին այդ ուղղությամբ իրավասություններ չունի, դրանցով օժտված է կառավարությունը:
Փորձագետի համոզմամբ` հայկական կողմի աշխատանքը պիտի լինի նպաստել վիրահայոց թեմի ցանկություններին, որպեսզի Վրաստանի կառավարությունը այդ հուշարձանները վիրահայոց թեմին փոխանցի, եւ որ օրը փոխանցեց, այդ օրվանից հայկական հուշարձաններ տեր կունենան եւ խնամող: