«Եթե իշխանություններին հաջողվի, մյուսները մշտապես խաղից դուրս են լինելու»
«Չի բացառվում, որ հաջողվի պայքար կազմակերպել, տեսականորեն չի բացառվում, բայց այստեղ մի քանի հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ և կողմ, և դեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հայտարարած դիմադրության ճակատի պայքարը հաջողվի: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկել է քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, հասարակությանը միավորվել ու պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ:
Բադալյանը նշեց, որ հասարակության մեջ շատ ուժեղ է արտագաղթի հոգեբանությունը, հիասթափությունը և ընդհանրապես անհավատությունը՝ կապված երկրի իշխանությունների, նրանց վարած քաղաքականության հետ: «Դա բավական ծանրացուցիչ հանգամանք է, բարդացնող խնդիր է, որովհետև նման պարագայում փորձել հասարակության թեկուզ ոչ ակտիվ մասին բերել հրապարակ, շատ դժվար է»: Ըստ նրա՝ բացի հրապարակներից հիմնական պայքարը պետք է լինի ընտրատեղամասերից դուրս: «Պետք է պայքար կազմակերպել, որ տեղամասերից դուրս, որտեղ հիմնականում տեղի է ունենում կեղծիքը, դրանք փորձել ինչ-որ չափով կանխել, ամբողջությամբ չի հաջողվի, դա միանշանակ է: Այդ իսկ պատճառով նաև եթե հաշվի առնենք, որ այստեղ բավական ուժեղ է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը, նրանց հետ էլ պետք է գնաս համագործակցելու, սա նույնպես բարդացնող խնդիր է, քանի որ համագործակցությունը հենց այնպես տեղի չի ունենում, դու պետք է ինչ-որ բան առաջարկես»:
Բադալյանը շեշտեց, որ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգության» մի քանի ակտիվստներ են մնացել, ովքեր քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն են: «ՀՅԴ-ն պաշտպանում է սահմանադրական բարեփոխումները, ԲՀԿ-ն խիստ կասկածելի է, թե ինչպես իրեն կպահի, ու շատ քիչ խաղացողներ են մնացել: Կան նաև շատ կուսակցություններ, որոնք միայն Արդարադատության նախարարությունում գրանցված են, սակայն նրանց ղեկավարները միայն երբեմն-երբեմն մամլո ասուլիսների ժամանակ են երևում: Նրանց միանալն ինչ կտա, թե ինչ չի տա, դժվար է ասել, բայց չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կտա:
Այսինքն՝ բավական բարդ իրավիճակ է Կոնգրեսի համար: Ուղղակի բոլոր այն ուժերը, որ ցանկանում են դեմ լինել կամ կողմ են, պետք է հաշվի առնեն, որ եթե իշխանություններին հաջողվի այս գործընթացը կյանքի կոչել, իրենք մշտապես խաղից դուրս են լինելու: Եթե դու հիմա չես պայքարում, հետագա տասնամյակներին դուրս ես մնում քաղաքական ակտիվ գործունեությունից, սա ՀԱԿ-ի համար հեշտացնող հանգամանք է, և այդ գործոնները ինչպես կխաղարկի Կոնգրեսը, արդեն չեմ կարող ասել»:
«Քաղաքացիական պայմանագիրը» ևս Բադալյանը դասում է այն ուժերի մեջ, որոնք ոչինչ չեն կարող փոխել: «Նա ևս Արդարադատության նախարարությունում ընդամենը գրանցված կուսակցություն է»:
Հասարակության գործոնի վերաբերյալ փորձագետը նշեց, որ Բաղրամյան պողոտայում հասարակությունը պայքարի չի ելել, ուռճացված տվյալներ են ներկայացվել լրատվամիջոցների կողմից: Նա նկատեց, որ Երևանում մոտավոր 400 հազար մարդու վրա է ազդում թանկացումը, իսկ 12 հազարն էր ընդամենը դուրս ելել պայքարի: «Դա քաղաքագիտական ծրագիր էր, որ լավ խաղարկվեց հեռու գնացող նպատակներով»,-եզրափակեց մեր զրուցակիցը: