05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի փորձած թանը. Ժամանակ

Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Մանուկյանը ապրիլին նոր կառավարության կազմավորման ընթացքում էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից տեղափոխվել կառավարություն, արդարադատության նախարարի պաշտոնին: Իսկ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոն զբաղեցնելուց առաջ նա հանդիսանում էր Հայաստանի Վերաքննիչ դատարանի ղեկավարը:

Թե ինչու է ազատման դիմում գրել Հովհաննես Մանուկյանը, որևէ կերպ չի մեկնաբանվել կամ բացատրվել: Փոխարենը արդեն խոսվում է նրա հավանական փոխարինողի մասին: Ըստ տեղեկությունների, որ հրապարակվել են մամուլում, այդ պաշտոնին կարող է նշանակվել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Առայժմ այս կապակցությամբ էլ պաշտոնական որևէ բացատրություն չկա: Միաժամանակ այն, որ չկա նաև հերքում՝ արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Առավել ևս, որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում կարող է դե ֆակտո կամ դե յուրե կոալիցիա կազմել և ստանալ նախարարական պորտֆելներ, ինչը տեղավորվում է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին ցուցաբերած ՀՅԴ-ական աջակցության «գնի» մեջ:

Միաժամանակ պետք է նկատել, որ ՀՅԴ-ի հավանական պորտֆելների շարքում արդարադատության նախարարության պորտֆելը երբեք չի նշվել: ՀՅԴ-ին մշտապես վերագրվել են սոցիալ-տնտեսական բլոկի պաշտոններ, այսպես ասած՝ կուսակցության գաղափարախոսությանն ավելի մոտ պորտֆելներ: Իհարկե, ՀՅԴ-ն մի որոշ ժամանակ ներկայացրել է նաև հավակնություն իրավապահ համակարգի մասով, սակայն ոչ թե արդարադատության նախարարության, այլ ոստիկանության, թեև դա, իհարկե, շատ վաղուց էր:

Այսպիսով, հարց է առաջանում, թե արդյո՞ք արդարադատության նախարարի պաշտոնանկությունը միայն նրա համար էր, որ պորտֆելն ազատվեր ՀՅԴ-ի համար: Թե՞ պաշտոնանկությունն ուներ այլ պատճառներ, պարզապես դրանից հետո արդեն ազատված պաշտոնն առաջարկվում է ՀՅԴ-ին, որն էլ չի ուզում երկար սպասել այլ պորտֆելների և վերցնում է եղածը: Բոլոր դեպքերում այս հարցերի վերաբերյալ գուցե առավել հանգամանալից հայտարարություններ և բացատրություններ կլինեն առաջիկայում՝ հնարավորություն տալով դուրս գալ ենթադրությունների շրջանակից և արդեն կատարված փաստերի հիման վրա վերլուծել իրավիճակն ու հասկանալ, թե ինչ միտումների հետ գործ ունենք արդարադատության նախարարի փոփոխությամբ:

Որովհետև հետաքրքրական հարցադրումներից մեկն էլ այն է, թե արդյո՞ք սա կարող է լինել կառավարությունում լայն փոփոխությունների մեկնարկ, այսինքն՝ արդարադատության նախարարից սկսվի կառավարության դե ֆակտո փոփոխությունը: Ընդհանուր առմամբ, այս գործընթացը պետք է սպասելի համարել՝ այն իմաստով, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից և խորհրդարանական ընտրություններից առաջ ներիշխանական վերադասավորումները տեղավորվում են Հայաստանի ներկայիս համակարգային իրականությունում: Այդ իրականությունը զուրկ է, այսպես ասած, սոցիալական բազայից: Այսինքն՝ տնտեսական ճգնաժամը ճգնաժամ է առաջացրել նաև համակարգի ներքին փոխհարաբերություններում, առաջ բերելով անկայունություն: Այս պայմաններում համակարգում մշտական կադրային շարժերը հնարավորություն են Սերժ Սարգսյանի համար առավելագույնս վերահսկելի պահել իրավիճակը՝ թույլ չտալով, որպեսզի իշխանության մեջ ձևավորվեն ուժեղ բևեռներ:

Եվ այս իմաստով միգուցե հետաքրքրական է նաև, որ նախարարական պորտֆելի փոփոխություն է տեղի ունենում Բաղրամյան պողոտայի իրադարձություններից քիչ անց: Այդ իրադարձությունները, ըստ էության, շոշափեցին ներիշխանական մի շարք բևեռների շահեր, ոչ միայն ինքնին ցույցի արդյունքում, այլ նաև էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ աղմուկի, քանի որ այդ ոլորտում, ըստ էության, շոշափվում են լուրջ ներիշխանական շահեր, հավակնություններ և ինչու ոչ՝ նաև կոմպրոմատներ: Եվ այս պարագայում, իհարկե, էական չէ, թե որ պորտֆելի մասին է խոսքը, քանի որ փոփոխության տրամաբանությունը, ըստ էության, կապ չունի պետական կառավարման հետ, և այստեղ պորտֆելը լոկ փոխարկելի միջոց է ներիշխանական հարաբերություններում:

Սերժ Սարգսյանը կատարում է հերթական վերադասավորումը, և մեղմ ասած՝ հիմքեր կան պնդելու, որ սա իսկապես մեկնարկն է: Եթե պորտֆելը բաժին է հասնում Դաշնակցությանը, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը ՀՅԴ-ն ուժեղացնում է առաջին հերթին ՀՀԿ-ի դեմ, հետո նոր՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերի: ՀՅԴ-ն այս առումով, իհարկե, ՀՀԿ-ի դեմ արգելապատնեշ հանդիսանալու մեծ փորձ ունի դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից, և Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից առաջ փորձված թանն անփորձ մածունի հետ չի փոխում և չի փորձում օրիգինալ լուծումներ գտնել, այլ պարզապես Դաշնակցությանը վերադարձնում է ներիշխանական ակտիվ խաղի, որից հենց ինքն էլ դուրս էր թողել ՀՅԴ-ին հայ-թուրքական ֆուտբոլային խաղի պատճառով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ