Օրհնում են խմելու ջուրը
Հուլիսի 11-ին` շաբաթ օրը, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված, Երևանի Սուրբ Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը և Երևան Ջուր ընկերությունը համատեղ` ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի յուրահատուկ միջոցառում կկազմակերպեն: «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահան Խաչատրյանը և Հոգևորականաց դասը կօրհնեն մայրաքաղաքը սնուցող աղբյուրներից մեկը` Կաթնաղբյուրը:
Ներկայումս Կաթնաղբյուրը Երևանին ջուր մատակարարող 10 աղբյուրներից ամենախոշորն է: Այստեղից մայրաքաղաք է մղվում վայրկյանում մոտ 2350 լիտր ջուր, որը 3 մայրուղային խողովակաշարերով անցնելով մոտ 20 կմ, հասնում է Երևան և ներքաղաքային բաշխիչ ցանցի միջոցով տրվում սպառողներին: Կաթնաղբյուրի ջուր ստանում են Նոր Նորքի, Ավանի, Սարի Թաղի, Քանաքեռ-Զեյթունի ու Կենտրոնի բնակիչները:
Փաստորեն, ավանդույթ է դառնում նախկինում «Ջրհոր օրհնելու» արարողությունը: Այս արարողությունը միջոցառման մասնակիցների մոտ հարգանք է առաջացնում խիստ կենսական նշանակություն ունեցող ջրի նկատմամբ, որ այն այլևս անտեղի չվատնեն և միշտ մաքուր պահեն բոլոր ջրատարածքները:
Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Երևանի Սուրբ Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր միության լրատվություն