Ռուսական ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները
Վերջին օրերին անընդհատ խոսվում է ռուսական լրատվամիջոցների ու հանրության կողմից Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանքի մասին: Քանի դեռ ռուսական լրատվամիջոցներն աղավաղում էին Բաղրամյանի ցույցերը՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելով ու ցուցարարների նկատմամբ թշնամական վերաբերմունք քարոզելով: Երբեմն այն վերածվում է հակահայկական և պրո-ադրբեջանական քարոզների:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի հանդեպ վերաբերմունքը ռուսական հասարակությունում սկսում է հիշեցնել Ուկրաինայի Մայդանի հանդեպ վերաբերմունքը, թեև այս երկու դեպքերը իրարից շատ տարբր են: Եկեք քննարկենք, թե, ի՞նչով է պայմանավորված նման վերաբերմունքը:
Մի կողմից ռուսական լրատվամիջոցների հակահայկական պնդումներն ու մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի ղեկավարության որոշումը արագ Հայաստանին հանձնելու Հրաչյա Հարությունյանին և Վալերի Պերմյակովին, հիմք են տալիս ենթադրելու, որ հակահայկական պնդումները լրատվամիջոցներում այնքան էլ ձեռնտու չէին Կրեմլին:
Բնականաբար, Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտի պատճառով մի շարք գլխացավանքներ ունեցող ՌԴ իշխանությանը այս պահին ևս մի անկառավարելի իրավիճակ պետք չի տարածաշրջանում: Սակայն, հակահայկական ալիքը ռուսական հասարակությունում ստեղծում է հակառուսական տրամադրություններ Հայաստանում, հետևապես անհասկանալի է, թե ինչո՞ւ էին ռուսական լրատվամիջոցները ջանասիրաբար ապատեղեկատվություն տարածում: Պատասխանը պետք է փնտրել ռուսական ազգային ինքնագիտակցության առանձնահատկություններում:
Թշնամու կերպարի դեմ համախմբումը
Իմպերիալիզմի դարաշրջանից հետո փոփոխվող աշխարհին արագ չհամակերպվող ռուսական հասարակությունը անցած տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, թե իրականում ինչպիսի հզոր համախմբիչ ուժ է թշնամու կերպարը: Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների կտրուկ աճը ԱՄՆ և ԵՄ-ի հետ այս երկրի հարաբերությունների վատթարացումից հետո բնականոն երևույթ է անցումային ինքնագիտակցություն ունեցող հասարակությունների համար: Նմանօրինակ դեպքերում հաճախ հասարակությունը կարիք ունի «օտարի», «ուրիշի», «թշնամու» կերպարի, որպեսզի այդ ուրիշի հետ իրեն հակադրելով հասկանա իր սեփական ինքնությունը:
Ինչպես նշում է Հանթինգտոնը իր «Քաղաքակրթությունների բախումը» գրքում՝ «Մենք գիտենք, թե ով ենք մենք միայն, երբ գիտենք, թե ով չենք մենք, և հաճախ միայն երբ գիտենք, թե ում դեմ ենք մենք»:
Ընդ որում՝ «ես»-ը առավելագույնս սիրուն գույներով պատկերացնելու համար հարկավոր է, որ «ուրիշը»՝ թշնամու կերպարը, հնարավորինս հաճախ դավադրություններ անի: Բնականաբար, նմանօրինակ ինքնությունը հաճախ պատճառ է հանդիսանում իրադարձությունների ոչ ադեկվատ մեկնաբանության համար: Ավելին՝ ինչքան սուր և հաճախակի լինեն «ուրիշի» դավադրությունները, այնքան սեփական եսը ավելի լավն է թվում:
Սովետական միության փլուզումից հետո քայաքայված տնտեսությամբ և հիասթափությամբ լի Ռուսաստանը համախմբելու Պուտինի հիմնական խաղաքարտը ռուսական ազգային ինքնագիտակցության հետ մանիպուլիացիաներն էին: Դրանք երկու հիմնական ուղղությամբ էին ընթանում՝ Ռուսաստանի ընտրյալ ու տարբերվող լինելու քարոզչություն:
«Ռուսաստանը մենակ է հաղթել 2-րդ համաշխարհայինը», «Եթե չլիներ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և մյուս հետսովետական երկրները գոյություն չէին ունենա», «Ռուսաստանը տարբերվում է բոլոր երկրներից» և այլ նմանօրինակ պնդումները ամենօրյա երևույթ են Ռուսաստանում: Արդյունքում՝ ռուսական ազգային ինքագիտակցությունն այնքան է կախման մեջ ընկել «օտարների» դեմ մղվող պայքարից, որ առանց արևմուտքի հետ բախման և հակադրության ռուսական կոլեկտիվ «ես»-ը չի կարող գոյություն ունենալ:
Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինեինք ռուսական ինքնության քարոզչությունը Պուտինի կառավարման օրոք, ապա դա կհնչեր այսպես «Ռուսաստանը արևմուտք չէ»:
Խիստ ժամանակավոր
Արդյունքում, անկախ Կրեմլի կարգարություններից, ռուս հասարակությունը ցանկացած անցանկալի իրադարձության հետևում փնտրում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձեռքը: Նույնը կարելի է ասել նաև Երևանյան ցույցերի մասին: Իմպերիալիստական նկրտումներ ունեցող ռուսական կառավարությունն ու նրա հետևորդները կարիք ունեն «լուրջ» և «արժանի» թշնամու կերպարի: Այսինքն՝ ինչ-որ փոքր-մոքր պետություններ, ինչպիսիք են Հայաստանը, Լեհաստանը, Վրաստանը, Ուկրաինան և այլն, չեն կարող ինքնուրույն եզրահանգումներ անել, դժգոհություններ ունենալ, կամ դժգոհ լինել կոնկրետ մի ռուսական ընկերության կոռուպցիոն քաղաքականությունից:
Չեն կարող, քանի որ նրանք դասակարգվում են Ռուսատսանին «օտար» ուժերի ստորին կարգին: Մինչդեռ ԱՄՆ-ն իսկը արժանի հակառակորդ է, հենց նրա հետ հակադրության ֆոնին է զգացվում ռուսական «ես»-ի «հզորությունը»: Ինչքան ուժեղ է «օտարը», այնքան ուժեղ է թվում նրա հետ հակադրությունում սեփական «ես»-ը:
Բայց, նմանօրինակ ինքնագիտակցությունն ու վերաբերմունքը այլ մշակույթների հանդեպ պայթյունավտանգ է՝ հատկապես Ռուսաստանի նման բազմամշակույթ երկրի համար: Ավելին՝ նմանօրինակ վերաբերմունքը ՌԴ-ի դեմ է տրամադրում հետսովետական երկրների բնակչության կոնկրետ շերտի, որը կարդում է լրատվամիջոցներ, իրազեկված է և ունի եզրահանգումներ անելու ունակություն: Արդյունքում՝ ՌԴ-ն ուժեղացնելու համար շարժման մեջ դրված մեխանիզմը վնասում է իր իսկ շահերին:
Եթե ի սկզբանե «ուրիշներին» հակադրվելով Ռուսաստանում ազգային զարթոնք ստեղծելու Պուտինի ձեռնարկությունը կարծես թե ժամանակավոր կերպով լուծեց ՌԴ-ում ինքնության խնդիրները, այսօր այն արդեն փչացնում է Ռուսաստանի հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ, կամ առնվազն այն երկրների, որտեղ քաղաքացիների ձայնը ամբողջովին չի խեղդվում պրոռուսական իշխանությունների կողմից:
Ի վերջո, չի կարող կոնկրետ անարդարության դեմ բողոքող որևէ հասարակության համար ադեկվատ հնչել ռուսական լրատվամիջոցների՝ «Նուլանդի թխվածքաբլիթներ ուտողներ», «արևմուտքի շպիոններ», «ագրեսիվ ակտիվիստներ» և այլ նմանօրինակ արտահայտությունները:
Ավելին՝ նմանօրինակ պնդումները բնականաբար չեն նպաստում Ռուսաստանի հանդեպ հարգանքի աճին: Եվ, ի վերջո, չի կարող ամուր ինքնություն ստեղծվել միայն հակադրության և «թշնամու կերպարի» դեմ քարոզչության հիման վրա: Վաղ թե ուշ նման ինքնությունը սկսում է գործել ի վնաս հենց այդ հասարակության:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»