Այս տարի գյուղմթերքների արտահանման լոգիստիկան ավելի լավ է կազմակերպվում
Վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղից երևում է, որ տնտեսության ոլորտներից ամենամեծ աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունեցել է գյուղատնտեսությունը՝ 6%, իսկ այս տարվա մայիս ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է՝ 8,8% : Դա նախևառաջ բացատրվում է գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններով:
Բարեբախտաբար, այս տարի նկատվում է նաև պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աճ, որի մասին արդեն հաղորդագրություն է տարածվել մամուլում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, հունիսի 22-ի դրությամբ՝ կեռասի արտահանումը աճել է 2,6 անգամ, ծիրանի արտահանումը՝ 1,5 անգամ: Բանջարեղենի արտահանումը նույնպես աճել է՝ կաղամբինը՝ 3 անգամ, լոլիկը՝ 4 անգամ, վարունգը՝ 5,5 անգամ, վաղահաս կարտոֆիլը՝ 1,9 անգամ, բողկ և ճակնդեղը՝ 2 անգամ: Դեռևս արտահանման կառուցվածքում գերիշխում է բանջարեղենի արտահանումը:
Այս ամենը հուշում է, որ այս տարի, համեմատաբար ավելի գրագետ և կազմակերպված ձևով է իրականացվում գյուղատնտեսական մթերքների արտահանումը, կամ ավելի ճիշտ գյուղմթերքների արտահանման լոգիստիկան: ԵՏՄ մտնելուց հետո, տարվա սկզբին սահմանին տիրող մաքսային խառնաշփոթից հետո, որը բացասաբար էր ազդում նաև արտահանման վրա, վիճակը կայունանում է: Ենթադրվում է, որ մինչև գյուղատնտեսական սեզոնի ավարտը գյուղմթերքների՝ հատկապես մրգերի արտահանման տեմպերը ավելի բարձր կլինեն: