Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը. Դավիթ Հարությունյան
“Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը, ինչքանով է այսօր վերացած քաղաքական կոմպոնենտը կարծում եմ պետք է դատենք բոլորս”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մարտի մեկի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագծին, ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
“Ես չեմ կարծում որ լավագույն ձեւը հանձնաժողովն է: Մենք ունեցել ենք նման փորձ ` փաստահավաք հանձնաժողով, որը ավելի շուտ դարձել է քաղաքական բանավեճերի հարթակ”,-շարունակեց Դավիթ Հարությունյանը եւ նկատեց, որ այսօրվա ելույթներում էլ որոշ դեպքերում հնչում էր քաղաքական դիրքորոշում, օգտագործվում էին այնպիսի ձեւակերպումներ, որոնք ցույց են տալիս քաղաքական ենթատեքստը:
“Ես վստահ չեմ, որ ճշմարտությանը հասնելու համար քաղաքական ենթատեքստով առաջնորդվելը լավագույն միջոցն է: Մենք ունեցանք մի փորձ, որը ձախողվեց եւ ձախողվեց, որովհետեւ ենթատեքստը քաղաքական էր”,-շեշտեց նա:
Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ իր դիրքորոշումը պետաիրավական հանձնաժողովի նախագահը չհստակեցրեց.”Ես պետք է լսեմ բոլոր կողմերի կարծիքները եւ նոր կարտահայտեմ իմ դիրքորոշումը”:
Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ ԱԺ-ն ունի իր ուրույն առաքելությունը: “Այն, թե ինչպիսի պայմաններ կային, որոնք էին այն չլուծված հարցերը մեր օրենսդրության մեջ, որոնք այսպիսի իրավիճակ ստեղծեցին, այ դրանք են մեր բուն իրավասությունների շրջանակում: Դրանով է պայմանավորված, որ հանձնաժողովը մի քանի անգամ զեկույցներ է ներկայացրել, թե որ օրենքներում մեր կարծիքով լուրջ թերություններ եւ խոչընդոտներ կան, որոնք կարող են առաջացնել նման իրավիճակ”,-նշեց նա եւ հավելեց, որ չպետք է զբաղվել նրանով, ինչի լիազորությունը չունես:
Հիեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մինչեւ դեկտեմբերի երեքը հետաձգեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագիծը: Իսկ մինչ այդ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց , որ մի շարք հարցեր ունի ուղղված ՀՀ կառավարությանը եւ ՀՔԾ-ին: