«Կրակն ենք ընկել Մաքսային միության ձեռքը»

Ազգային ժողովում քննարկվում է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց հիմնական զեկուցող, Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին, որ նախագծերը արտահերթ նիստ են բերվել հապճեպ, ու պատգամավորները չեն հասցրել դրանք ուսումնասիրել:
«Եթե մեր ղրղզ բարեկամներն այդքան սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնային, ապա մայիսի ութից հետո մենք երկու նիստ ենք անցկացրել, կարող էին այդ ժամանակ բերել»:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ ուր են շտապում: «Մենք ինքներս կրակն ենք ընկել Մաքսային միության, ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»: Փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի դիրքորոշումների հետ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է պայմանագրեին, ապա նա ասաց, որ դա միջազգային պայմանագիր է, պետք է անցներ համապատասխան ընթացակարգ, քննարկվել է Սահմանադրական դատարանում: Նա նկատեց, որ փաստաթուղթը հրապարակային է եղել, կառավարության կայքում ևս դրված է եղել, ինչպես կառավարության մյուս որոշումները: