04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քանի որ նա հարուստ պապայի զավակ է, ձև է անում, որ վստահում է …»

Վերջին անգամ մի 6 տարի առաջ եմ հոդված գրել։ Այն ժամանակ «168 ժամ» թերթում շաբաթը մեկ գրում էի։ Հետո երևի հոգնեցի։ Երևի ինձանից էլ հոգնեցին։ Չգիտեմ ինչու, բայց հիմա ուզեցի գրել։ Մի քանի օր առաջ, ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրավաբանությունն ունի նրբերանգներ, որոնք շատերը չեն հասկանում (սա իհարկե նրա բառացի ցիտատը չէ, բայց միտքը դա էր)։

Իհարկե ես համաձայն եմ նրա հետ այնքանով, որ բոլոր մասնագիտություններն էլ ունեն իրենց նրբերանգներն ու առանձնահատկությունները, որոնք ուրիշները չեն հասկանում։ Օրինակ, գրիպով հիվանդ կամ ճնշում ունեցող իրավաբանը դժվար թե հասկանա բժշկության բոլոր նրբերանգներն ու առանձնահատկությունները, բայց ես չեմ լսել, որ Հայաստանի գլխավոր սրտաբանը կամ թերապեվտը ամեն անգամ դա շեշտեն։

Համակարգչից օգտվող դատախազներն ու փաստաբանները չեն կարող իմանալ, թե ինչով է տարբերվում ОЗУ-ն ПЗУ-ից, կամ որ hard disk-ը դա նույն վինչեստերն է, որը իրավաբանների իմացած Վինչեստերի հետ որևէ սեռական կապ չունի։ Կարծում եմ, որ իրավաբաններին պետք էլ չէ իմանալ այս ամենը։ Պարզապես կարիքի դեպքում, համակարգչից օգտվող իրավաբանը կդիմի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետին (կամ կարճ ասած` կամպյուտերշչիկին), և նա կլուծի բոլոր հարցերը… կամ չի լուծի, եթե վատ մասնագետ է։

Բայց եթե համակարգչային մասնագետի հետ ամեն ինչ պարզ է, ապա հայ իրավաբանության պրոբլեմը լավ կամ վատ մասնագետը չէ։ Այստեղ խնդիրը համակարգային է։ Հայ դատախազին և դատավորին ոչ ոք չի ասում ոչ պրոֆեսիոնալ կամ անգրագետ, պարզապես Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նրանց չի վստահում։ Իսկ վստահության դեֆիցիտը շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտը։

Որովհետև, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում.«… ես վաղը կօյաղանամ, բայց դու տենց գեշ էլ կմնաս»։

Հիմա կասեք, բա եթե այդպես է, ինչու են դիմում իրավապահ մարմիններին։ Պատասխանեմ։ Դա կազինոյի նման մի բան է դարձել` բոլոր խաղացողները գիտեն, որ կազինոյում գրեթե հաղթող չի լինում, բայց միևնույն է, գնում են և էշ-էշ փողերը քամուն են տալիս։

Ի դեպ, այս պրոբլեմը Հայաստանում համատարած է։ Ընտրողները չեն վստահում քաղաքական կուսակցություններին` ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր։ Դրա համար էլ երկրում համատարած ապատիա է, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել ` գաղջ մթնոլորտ է։ Գնորդը չի վստահում վաճառողին, վաճառողը` արտադրողին, արտադրողը` մատակարարողին, մատակարարողը` ներմուծողին։

Իսկ հարկայինը չի վստահում բոլորին միասին վերցրած։ Վարորդը չի վստահում ոչ ճանապարհային ոստիկանին, ոչ էլ վերջինիս «դուշման» դարձած տեսախցիկին։ Ծնողը չի վստահում ուսուցչին, բայց, на всякий, մարտի 8-ի նվերը տալիս է։ Երիտասարդը չի վստահում իր ընկերուհուն ու ասում է «կարճ յուբկա չհագնես», բայց ինքը աջ ու ձախ «լևի» է գնում։ Իսկ ընկերուհին չի վստահում ընկերոջը, բայց քանի որ նա հարուստ պապայի զավակ է, ձև է անում, որ վստահում է։

Հավատացյալը չի վստահում քահանային, բայց գնում է նրա դուռը կնքվելու կամ պսակադրվելու։ Եկեղեցականը չի հավատում, որ եկեղեցի կառուցած օլիգարխը դա արել է իր խղճի համար, բայց օծում է այն։ Ղեկավարը չի հավատում, որ իր աշխատակիցը գործի ժամին համակարգչով չի խաղում կամ պոռնո չի նայում (որովհետև ինքն էլ նույն գործով է զբաղված), դրա համար էլ ինտերնետն անջատել է տալիս։ Եվ վերջապես ժողովուրդը չի վստահում և չի հավատում հոսանքի և գազի գների բարձրացման պատճառաբանություններին, որովհետև հավատալու բան չի, տղերք, որ հավատանք։ 

Բայց ես, ինչպես միշտ, լավատես եմ, և հավատում եմ, որ անպայման կգան այն ժամանակները, երբ հարևանները կրկին կվստահեն իրենց բնակարանի բանալին հարևանին կամ կդնեն այն հատակի շորի տակ, երբ ընկերներին և բարեկամներին կվստահեն, ինչպես իրենք իրենց են վստահում, երբ դատավորի կայացրած վճիռին կվստահի անգամ դատապարտյալի ծնողը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ իմ ընտանիքին, հավատում եմ իմ ընկերներին, գործընկերներին և բարեկամներին։ Ես հավատում եմ անգամ, երկար ճանապարհով, բայց քիչ լուսաֆորներով, ինձ տեղ հասցրած տաքսու վարորդին, ով իհարկե ժամանակին Մոսկվա տեղ բիզնես է ունեցել։

Ինչպես միշտ լավատեսության պրոֆիցիտով տառապող` Կարեն Քոչարյան

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ