Ազգային տարազների ցուցադրություն՝ մայրաքաղաքի սրտում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահում տեղի է ունեցել Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:
Ազգային մշակութի ինքնատիպությունն ու խառնվածքն արտահայտող մասնիկներով ստեղծած նմուշները լրացվել են Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: 36 կտոր հագուստից բաղկացած ցուցադրությանն առանձնահատուկ ուշադրության են արժանացել երևանյան տարազների հիմքով կարված զգեստները: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազները:
Արամ Նիկոլյանի խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը ազգային հագուստը նոր մոտեցումներով, նաև առօրյա կյանքում կիրառելի դարձնելն է:
«Երևանի քաղաքապետարանի հետ այս նախաձեռնությունը կարևոր եմ համարում մայրաքաղաքի մշակութային ամառային առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու առումով: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար ու վստահ, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական», – նշել է դիզայները:
Ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել նաև Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: