Մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը
Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» հերթական խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, կրթության եւ սպորտի գործիչներ:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում է 8 թիմ` Ստեփանակերտի քաղաքային եւ շրջանային փուլերում թեթեւ աթլետիկա մարզաձեւից լավագույն արդյունքներ ցուցաբերած 3-6-րդ դասարանի աշակերտները:
Ողջունելով ու բարեմաղթանքի խոսքեր ուղղելով դպրոցական մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» ամենամյա խաղարկությունը եւս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բեւեռելու մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանն ու կամային հատկանիշների ձեւավորմանը:
ԼՂՀ ԱԺ գավաթի խաղարկությունը կտեւի երկու օր: Հաղթող թիմը իրավունք կստանա մասնակցելու ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն