Չստացվեց
Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ դժգոհության առիթ դարձավ վրացական կողմի մոտ: Հայկական կողմը չփորձեց հերքել հանդիպման մասին տեղեկությունը, նշելով, որ այն կրել է ոչ պաշտոնական բնույթ:
Նշենք, Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին տեղեկությունը տարածել էին օսական լրատվամիջոցները: Նրանք հաղորդել էին, թե հանդիպման նախաձեռնողը եղել է Գալուստ Սահակյանը, հանդիպման ընթացքում էլ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչն էլ անհանգստություն էր առաջացրել Վրաստանի իշխանությունների մոտ: Սակայն երեկ Հարավային Օսիայի խորհրդարանը պաշտանապես պարզաբանեց, որ իրենց տարածած լուրերում անճշտություններ են եղել` այսպիսով վերահաստատելով հանդիպման վերաբերյալ հայկական կողմի ներկայացրած տեղեկությունը:
Սպասելի էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները փորձելու էին շահարկել միջադեպը: Նույնիսկ որոշ ադրբեջանական շրջանակներ վրացական կողմի դժգոհությունը դիտարկեցին որպես «բացառիկ» հնարավորություն` երկու բարեկամ երկրների հարաբերությունների վրա ինչ-որ կերպ ազդելու համար` փորձ անելով ներկայացնել, որ Հայաստանի և Օսիայի ԱԺ նախագահների հանդիպումը լուրջ կոնֆլիկտ է առաջացրել Հայաստանի և Վրաստանի միջև:
Այնուամենայնիվ, միջադեպը արագորեն հարթվեց Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հեռախոսազրույցի արդյունքում: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, թե հանդիպումը եղել է մասնավոր բնույթի և քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումներ չեն եղել: Ինչպես նաև` ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը:
Այսպիսով, որոշ ադրբեջանական շրջանակների հույսերը, թե տեղի ունեցած միջադեպը կազդի հայ-վրացական հարաբերությունների մակարդակի վրա, ի չիք դարձան: