«Մեր լույսը՝ մեր հույսը»
Ապրիլի 28-ին Օպերայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մեր լույսը՝ մեր հույսը» խորագրով համերգը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ դոկտոր ՆազարեթՏարագչյանը. «Անցել է 100 տարի ինչ վայրագ թշնամին փորձեց ոչնչացնել հայ ազգը, հայ լեզուն, մեր դարավոր մշակույթը, բայց դա նրան չհաջողվեց: Եվ մենք այսօր եկել ենք այստեղ՝ ապացուցելու, որ մենք գոյատևում ենք իբրև ազգ, և մեր մշակույթը, որն անկասկած գերազանցում է թշնամու մշակույթին, շարունակում է ծաղկել և բարգավաճել՝ արվեստի հանճարների շնորհիվ: Անցնող 100 տարիները դյուրին չէին հայ ժողովրդի համար հայրենիքում և Սփյուռքում: Սակայն հայ ժողովուրդը ոչ մի անգամ չկորցրեց իր հույսն ու հավատը, իր կամքը, և մոխիրների և ավիրակների վրա կառուցեց իր տունը, եկեղեցին և դպրոցը: Ահա այս նպատակով է, որ 1918 թվականին Նյու Յորքում հիմնվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որպեսզի օգնության հասնի հայ ժողովրդին աշխարհի յուրաքանչյուր ծայրում:
Այս երեկո ևս մեկ անգամ ցանկանում ենք հարգել 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը, բայց միաժամանակ մենք տոնում ենք հայ ազգի վերածնունդը. մեր պետության անկախությունը և մեր մշակույթի հարստությունը»:
Իր խոսքում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Վեր. Մկրտիչ Մելքոնյանը մասնավորապես նշեց. «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազում անգամ ապացուցել է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը՝ մեր Տերը, մեզ պաշտպան է կանգնել և առաջնորդել, նույնիսկ, երբ թշնամին փորձել է խլել մեր պատմությունը, մեր հողը և մեր մշակույթը»:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» երգչախումբը (գեղ.ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Համերգի դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Պ. Սևակի «Եռաձայն պատարագ» պոեմից հատվածներ ներկայացրեցին ասմունքողներ Ալլա Սահակյանը և Արման Նավասարդյանը:
Երեկոյին ներկա էին պետական այրեր, միջազգային և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ավետարանչական ընկերակցության և Ավետարանական եկեղեցու աշխատողներ, ծառայողներ, հյուրեր արտերկրից և լրագրողներ: